Մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանում ավտոբուսի վթարից։
NEWS.am–ի տեղեկություններով, ավտոբուսի վարորդը փորձել է ճանապարհ տալ դիմացից եկող մեքենային, կողաշրջվել է ու ընկել նորակառույց շենքի բակ: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները մեզ պատմեցին, որ ճանապարհահատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, շատ նեղ է, և առկա չեն պատնեշներ: Հնդկաստանի քաղաքացիները, որոնք շինհրապարակ էին գնում աշխատանքի, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը չի տուժել:
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
Վթարի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։





























