Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ձերբակալվել է Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 14 անձ։
«Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին մեթոդներին՝ կալանավորումներով, ձերբակալություններով։ Ամենավատն այն է, որ միանգամից տրվում են իրավական գնահատականներ ՔՊ–ի ներկայացուցիչների կողմից: Այսինքն, դեռևս չկա որևէ վճիռ, որևէ եզրակացություն, որևէ իրավական վերջնական փաստաթուղթ, բայց իրենք արդեն դա որակում են որպես ընտրակաշառք։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում մեր գնահատմամբ։
Ես վստահ եմ, որ մեր ընտրողները ունենալու են ավելի մարտական տրամադրվածություն, ավելի վճռականություն, և ես կոչ եմ անում բոլորին գնալ ընտրության ամսի 25-ին և իրենց վճռական խոսքը ասել՝ իրենց ձայնը տալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին, որովհետև վերջին հաշվով դա բխում է մեր ժողովրդի շահերից։
Կարապետյանների ընտանիքը, ունենալով Տաշիրի զարգացման փորձը, նաև զարգացնելու է Ստեփանավան քաղաքը, և եթե «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը հաղթի, բնականաբար դրանից կշահի միայն մեր երկիրը։ Ես ունեմ ներքին վստահություն, որ սա ի վնաս իշխանություններին տալու է հակառակ էֆեկտը, և այն հայտնի անեկդոտի նման, կարծեք թե, ուրիշ հերոսի անուն չգիտեն, միայն ձերբակալություններ, միայն կալանավորումներ, առանց սպասելու որոշակի հետևությունների։
Ցավոք սրտի, մեր երկրում կալանքը դարձել է պատժի գործիք, կամ բազմաթիվ իրավական այլ մոտեցումներ, երբ առանց կալանավորելու հնարավոր է սկսել իրավական գործընթաց։ Ցավոք սրտի, դա այդպես չէ, և միայն կալանքով կարող ենք հստակ փաստել, որ սա իշխանությունների վախերի դրսևորումն է, ուրիշ ոչինչ»,– հայտարարեց Ֆարմանյանը։
Նշենք, որ Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 25–ին։
Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։











