Եվրախորհրդարանը (ԵԽ) պահանջել է ավելացնել եվրոպացի ֆերմերների ֆինանսավորումը Եվրամիության 2028-2034 թվականների բյուջետային պլանում, որը ԵՄ երկրները ցանկանում են կրճատել։ Ինչպես հայտնել է եվրոպական Politico պարբերականը, հակառակ դեպքում պատգամավորները սպառնում են արգելափակել բյուջեի շուրջ բանակցությունները։

Politico-ն նշել է, որ համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԽ գյուղատնտեսության և ձկնորսության կոմիտեն։ Դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ ԵՄ բյուջեի դոնոր երկրները, այսինքն՝ այն պետությունները, որոնք բլոկի բյուջե են մուծում ավելի շատ միջոցներ, քան ստանում են այնտեղից, պահանջում են առնվազն 13 տոկոսով կրճատել Եվրահանձնաժողովի առաջարկած բյուջետային պլանի նախագիծը, իսկ որոշ հոդվածների գծով՝ 17 տոկոսով։

Սա մեծացնում է այն խնդիրների թիվը, որոնց բախվում է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ նոյեմբերի 26-27-ին նախատեսված բյուջեի շուրջ արտահերթ գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացում, նշել է պարբերականը։

ԵՄ ընդհանուր ագրարային քաղաքականությունը, որը, մասնավորապես, ապահովում է վճարումներ եվրոպացի ֆերմերներին, տասնամյակներ շարունակ եղել է Եվրամիության բյուջեի գլխավոր հոդվածը։ Դրա բաժինը կազմել է բյուջետային միջոցների 40 տոկոսը։

ԵՄ նոր յոթնամյա բյուջետային պլանի նախագիծը, որը մշակել է Եվրահանձնաժողովը և որը Կոշտան այժմ փորձում է համաձայնեցնել բլոկի բոլոր երկրների ու ինստիտուտների հետ, ենթադրում էր բյուջեի ծավալի մեծացում, ԵՄ պատմության մեջ առաջին անգամ ռազմական ծախսերի առանձին հոդվածի ստեղծում և, որպես հետևանք, գյուղատնտեսության ու Եվրամիության ճգնաժամային տարածաշրջանների զարգացման ծախսերի կրճատում։ ԵՄ պլանի այս բոլոր թեզերը ենթարկվել են հանրային քննադատության համայնքի երկրների և առանձին քաղաքական ուժերի կողմից։ Միևնույն ժամանակ, եվրոպական քաղաքական տարածքում ամենաքիչ առարկություններն առաջացնում է Եվրամիության ռազմական ծախսերի ավելացումը, մինչդեռ հիմնական վեճերը վերաբերում են այն բանին, թե դա ինչի հաշվին է իրականացվելու։