Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
Տեղեկությունների համաձայն՝ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ հարթակները երկու և կես ամիս ժամանակ ունեն՝ մշակելու օգտատերերի տարիքային ստուգման մեխանիզմ, պահպանելով գաղտնիության պահանջները։
Հունաստանը Եվրամիության այն յոթ երկրների թվում է, որոնք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ ստեղծում են օգտատերերի տարիքային ստուգման միասնական լուծում։ Իշխանությունները սահմանափակումների անհրաժեշտությունը բացատրում են երեխաներին սոցիալական ցանցերի չափազանց շատ օգտագործումից պաշտպանելու ձգտմամբ, ինչը, նրանց գնահատմամբ, բացասաբար է ազդում քնի, ուշադրության կենտրոնացման և սոցիալականացման վրա։
Ավելի վաղ Ավստրալիան էր դարձել նման օրենք ընդունած առաջին երկիրը։ Ֆրանսիայում խորհրդարանը հավանություն էր տվել նմանատիպ նախաձեռնությանը, սակայն օգոստոսին երկրի Սահմանադրական խորհուրդն այն չեղարկել էր։




























