Տեղեկություն է հայտնվել Ադրբեջանի միջոցով գաղտնի բանկային հաշվին հարյուր միլիոնավոր դոլարների փոխանցման մասին, որին, ենթադրաբար, հասանելիություն է ունեցել Ջարեդ Քուշները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և նախկին ավագ խորհրդականը։

Միևնույն ժամանակ, որևէ ապացույց չի ներկայացվել, որ գումարները պատկանել են ադրբեջանական պետությանը կամ որ Ադրբեջանի իշխանությունները մասնակցել են այդ գործարքների կազմակերպմանը։

Չի բացահայտվում նաև այն ադրբեջանական բանկի անունը, որի միջոցով, ենթադրաբար, իրականացվել են փոխանցումները։

Vanity Fair ամսագրում հրապարակված հետաքննության համաձայն՝ Նիդեռլանդների հետախուզությունը, Քուշների հեռախոսի հսկողությունն իրականացնելիս, պարզել է, որ ադրբեջանական բանկից մեծ գումար է փոխանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հաշվեհամարին։

Այս մասին ասվում է ամերիկացի հետաքննող լրագրող Մեթյու Քոուլի՝ հոկտեմբերի 22-ին հրապարակված հոդվածում։ Նյութը հատված է նրա նոր՝ Princes and Thieves («Արքայազներ և գողեր») գրքից։

Հետաքննությունում խոսվում է մոտ 750 մլն դոլարի բանկային հաշվի, ինչպես նաև լրացուցիչ մեկ միլիարդ դոլարի մասին, որը, ենթադրաբար, Ադրբեջանի միջոցով փոխանցվել է Իսրայել։ Հեղինակն այս ֆինանսական գործարքները կապում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ոչ պաշտոնական դիվանագիտական բանակցությունների հետ։

Հաշիվը, որը հետաքննությունում պայմանականորեն նշված է որպես Alpha, բացվել է First Abu Dhabi Bank-ում՝ ԱՄԷ խոշորագույն բանկերից մեկում։

Հեղինակի տվյալներով՝ 2017 թվականից սկսած՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ ղեկավարությունն այդ հաշվեհամարին փոխանցել է մոտ 750 միլիոն դոլար։ Ենթադրաբար, միջոցները նախատեսված էին ոչ պաշտոնական արտաքին քաղաքական նախաձեռնությունների ֆինանսավորման համար։

Իրավաբանորեն հաշիվը Քուշներին չէր պատկանում։ Դրա սեփականատերը Watani Al Emarat բարեգործական կազմակերպությունն էր, որը ֆինանսավորվում էր ԱՄԷ կառավարության կողմից։ Սակայն, ըստ հետաքննության, Քուշներն այդ հաշվի նկատմամբ ստորագրության իրավունք է ունեցել, ինչը նրան թույլ է տվել իրականացնել որոշ բանկային գործառնություններ։

Ադրբեջանին վերաբերող հետաքննության հատվածում հատուկ ուշադրություն է դարձվում դրամական փոխանցումների մեխանիզմին։

Քոուլի տվյալներով՝ այն հաշվեհամարին ԱՄՆ դոլարով մուտք արված բոլոր միջոցները, որը վերահսկում էր Նիդեռլանդների հետախուզությունը, ստացվել են ադրբեջանական բանկից։

Հեղինակը պնդում է, որ որոշ ադրբեջանական բանկեր հանդես են եկել որպես միջնորդներ՝ խոշոր գումարների արտասահման փոխանցման ժամանակ։ Դրանք ընդունել են միջոցներ սաուդյան ռիալով և ԱՄԷ դիրհամով, ապա դրանք արտասահման են փոխանցել դոլարային համարժեքով՝ գանձելով 6–7 տոկոս միջնորդավճարով։

Ըստ նկարագրված սխեմայի՝ հաճախորդը միջոցները փոխանցել է ադրբեջանական բանկ տեղական արժույթով, որից հետո բանկը մեկ այլ ներքին հաշվից արտասահմանյան ստացողին փոխանցել է համարժեք գումարը դոլարով։ Հեղինակը նշում է, որ նման գործարքները կարող էին դժվարացնել միջոցների սկզբնական աղբյուրի բացահայտումը։

Հետաքննությունում խոսվում է նաև երկրորդ խոշոր ֆինանսական գործարքի մասին, որը, ենթադրաբար, իրականացվել է Ադրբեջանի միջոցով։

Հեղինակի աղբյուրների տվյալներով՝ 2018 թվականի գարնանը ԱՄԷ ղեկավար Մուհամադ բեն Զայեդը Ադրբեջանի միջոցով Իսրայել է փոխանցել մոտ մեկ միլիարդ դոլար, որը, ենթադրաբար, նախատեսված էր Քուշների համար։

Հաղորդվում է, որ երկրորդ հաշիվը, որը Քոուլը պայմանականորեն անվանել է Beta, բացվել է Իսրայելի կենտրոնական բանկում։

Հոդվածում պնդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է տեղեկություն ստանար այդ հաշվից հնարավոր փոխանցումների մասին։ Հեղինակի տվյալներով՝ Քուշների և Նեթանյահուի միջև միջնորդը Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դևիդ Ֆրիդմանն էր։

Ֆրիդմանը կտրականապես հերքել է այս պնդումները։ Քուշների փաստաբանը նույնպես հայտարարել է, որ իր հաճախորդը չգիտեր հիշատակված հաշիվների գոյության մասին, դրանց հետ որևէ կապ չի ունեցել և օրենք չի խախտել։