Որքան ավելի շատ են Հայաստանի իշխանությունները խոսում ԵՄ-ի հետ համագործակցության և անդամակցության մասին, այնքան ավելի շատ է երկիրը հայտնվում ԵԱՏՄ հետաքրքրությունների և ազդեցության ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի հարցազրույցում հայտնել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ անդամ երկրների՝ այս կազմակերպությունում Հայաստանի ապագայի վերաբերյալ վերջերս արված համատեղ հայտարարությունը։
Փորձագետի խոսքով՝ «real politic»-ի սկզբունքները միշտ, վաղ թե ուշ, ամեն ինչ դնում են իրենց տեղը։
Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանն այն վիճակում չէ, որ մարտահրավեր նետի այս միությանը, առավել ևս՝ դրա ամենախոշոր և ազդեցիկ խաղացողին՝ Ռուսաստանի Դաշնությանը։
«Հայաստանն ունի բավական համեստ ներուժ, սակայն հանդես է գալիս պահանջատիրոջ դիրքերից։ Բայց չէ՞ որ դրա տակ ոչինչ չկա»,- ասել է Ղևոնդյանը։
Մասնավորապես, նա Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկախության և ինքնիշխանության վերաբերյալ հայտարարությունները գնահատել է որպես սովորական պոպուլիզմ։
«Աշխարհում պարզապես չկան լիովին անկախ և ինքնիշխան երկրներ։ Սա վերաբերում է նաև միջուկային տերություններին։ Այնպես որ, սա սովորական պոպուլիզմ է, որը հասցեագրված է սովորական հայ սպառողին, ինչպես նաև հակառուսական դիրքորոշում ունեցող անձանց»,- կարծում է փորձագետը՝ հավելելով, որ վերջիններիս ուղեղները, ամենայն հավանականությամբ, լվացված են քարոզչությամբ։











