Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ամուսինները և ընտանիքի մյուս անդամները հայտնաբերել են տան սենյակները տակնուվրա արված, որտեղից չարագործները հափշտակել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր մոտ 45 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաև խոշոր չափի եվրո, ռուսական ռուբլի և ոսկյա զարդեր։

Նրանք տուն են մտել հարևանի տան ցանկապատի մոտ տեղադրված՝ տուժածների տան ցանկապատի վրայով անցնելով, ապա մինչև բակային հատվածի դռան փականը կոտրելը փորձել են պատուհանի ճաղավանդակը կոտրել, սակայն երբ այն կոտրել չի ստացվել, մտել են տանտերերի խորդանոց, այնտեղ եղած ավտոմեքենայի համար օգտագործվող «կլյուչով» կոտրել են փականը ու մտել ներս։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով իրավապահներն աշխատում են մի քանի ուղղությամբ, այդ թվում, որ տունը թալանվել է նշված տուն ներս ու դուրս անողի տված տվյալներով կամ նշված տան ընտանիքի անդամների հետ շփում ունեցողի կողմից, քանի որ հավանաբար գողը կամ գողերը տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամները այդ օրը երկար ժամանակով բացակայելու են տնից։