«Անկախ դիտորդը» Սպիտակ համայնքում առերևույթ ընտրական կոռուպցիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 22-ին Ֆակտոր TV-ն հրապարակել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մի դիմումի վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին Անկախ դիտորդը տեղեկացել էր նաև երկարաժամկետ դիտարկման ընթացքում: (https://drive.google.com/file/d/14kCHruO42R7tjGNXT5ACyMWD9h52Fxjk/view?usp=sharing)

Այն է՝ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համայնքային ենթակայության հիմնարկի տնօրեն է նշանակել սխալ պատասխաններ տված թեկնածուին՝ պատճառաբանելով, որ դա իրենից պահանջել են Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը՝ իրեն առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու նշանակելու դիմաց։

Հրապարակման մեջ փաստվում է, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով նաև եղել է մրցութային հանձնաժողովի անդամ, հաստատում է դիմումատուի այն պնդումը, ու վերջինս պատասխանել է 5 հարցի, մյուս մասնակիցը 3 հարցի։ Փաստ է այն, որ այս պարագայում 5 հարցի ճիշտ պատասխան տվածը պետք է ստանար 5 (գերազանց) գնահատական, մյուս մասնակիցը 3 (բավարար), որը սակայն չի իրականացվել։

Սպիտակում ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին, ըստ դաշինքի աղբյուրների՝ կուսակցության տարածքային կառույցի որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը կրկին լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն։

ՀՀ վարչապետի անունով ներկայացված դիմումը վկայում է մի շարք հանցագործությունների մասին, որոնց քննության կարիքը հրատապ է։

Դիմումից բխում է, որ Քաջայր Նիկողոսյանը․

– շահադիտական նպատակներով չարաշահել է իր լիազորությունները,

– քաղաքական կողմնակալություն է ցուցաբերել վարչական պաշտոնյայի նշանակման հարցում,

– իսկ Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը, նրան ճնշման են ենթարկել, ինչը և պաշտոնական դիրքի չարաշահում է և կարող է ընկալվել, որպես ընտրական իրավունքի խոչընդոտում։

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի անմեղության կանխավարկածը չխախտելով, Անկախ դիտորդը վստահ է, որ նկարագրված դեպքը խիստ մանրամասն քննության և հրապարակային հրատապ պարզաբանումների կարիք ունի։

Անկախ դիտորդ դաշինքը անթույլատրելի է համարում վարչական պաշտոններում քաղաքական նպատակահարմարությամբ և հովանավորչությամբ նշանակումները»։