Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Հովիվը անցել է, հետ են տարել, խնդիր չկա, բայց այն անձը, որը Հայաստանում տեռոր էր արել, նա, իհարկե, ահաբեկիչ և չպետք է արտահանձվի ու չի արտահանձվելու։ Մեր բոլոր քայլերը մենք անելու ենք, որ չարտահանձվի։

Բայց տարօրինակն այստեղ այն է, որ հովիվն էլ է կարում սահմանը անցնի, ադրբեջանցի ահաբեկիչն էլ է կարում սահմանը անցնի։ Այսինքն այսքան տարիների ընթացքում հնարավոր չի եղե՞լ այն կամերաները, որ դնում են Հայաստանում գրեթե ամեն տեղ, մի հատ էլ սահմանին դնեն։ Թե՞ մենակ ընդդիմադիր գործիչների գրասենյակներում, լոգարաններում, այլ տեղերում են դնում կամերաներ։ Այդ նույն կամերաները թող վերցնեն, մի հատ սահմանին դնեն։

Ու պաշտպանական գերատեսչության ղեկավարն էլ պետք է լինի ռազմական գործիչ, ամեն դեպքում ռազմական անցյալ ունեցող գործիչ, որ գործից հասկանա։ Եթե մեկին ասում ենք, որ դու ռազմական գործիչ չես, ես զարմանում եմ ինչու են իրենք վիրավորվում։ Հայաստանի պես երկրին պետք է ռազմական գծով մասնագետ պաշտպանության նախարար, դա պարզ է, մեր մարտահրավերները դրա մասին են։ Այդպես են երկիր կառուցում։

Կադրային առումով իրենք լրիվ սովի ենթակա են, որովհետև ոչ մեկը չի ուզում իրենց հետ աշխատել։ Ես հասկանում եմ էն մարդկանց, որ չեն ուզում իրենց հետ աշխատեն»,–ասաց Նարեկ Կարապետյանը։