Մեզ համար նորություն չեն այս ձերբակալությունները, համապետական ընտրություններից առաջ օրական 150 մեր թիմակիցների էին ձերբակալում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը, հասցնում են վերջին օրերին, ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով, կարող է աշխատավարձ տալու գործով, այլ գործով, ու այդպես գնում են ընտրությունների։ Համապետականի ժամանակ էլ նույն ձևով արեցին, այս անգամ էլ։

Այս ձերբակալությունները մարդկանց վրա կաշկանդող ազդեցություն է թողնում, բայց մենք էլ պետք է սովորենք, ոնց պայքարենք այս ռեպրեսիվ համակարգի դեմ»,–ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի խորհրդարանի ընդդիմադիր գործընկերներին համոզել, փոխել սահմանադրությունը, ապա կգնան արտահերթ ընտրությունների, Նարեկ Կարապետյանն ասաց. «Եթե համոզել ասելով իրենք ի նկատի ունեն այն, որ մոտակա ժամանակներին մեր աջակիցներին, մեր ընկերներին, մեր թիմակիցներին, մեր հայացքները կիսողներին կալանավորելու են և փորձեն այդպես ինչ-որ ձևով մեզ բերել համոզելու դաշտ, մենք չենք համոզվի այդպես։ Ես տեսնում եմ, որ փորձելու են շատ մարդկանց փորձել կալանավորել, մեկուսացնել ու գնալ համոզելու պրոցեսին։ Այդպես չենք համոզվելու հաստատ։

Ինչ վերաբերվում է մեր դիրքորոշմանը, մեր դիրքորոշումը պարզ է. Ալիևը չպետք է ասի՝ մեր երկրում Սահմանադրությունը փոխվի, թե չէ։ Եթե իշխանությունն ասում է՝ Ալիևը ասելով չի, թող Ալիևին ասեն՝ «ոչ»։ Իրենց ամբողջ պրոցեսը դրա մասին է, բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով է, որ Բայրամովը ամեն օր գրում է դրա մասին, Հաջիևը ամենուր գրում է դրա մասին։ Պատմության մեջ առաջին ադրբեջանցի գործիչը, որ հաղթել է հայերին, դա Ալիևն է, ու այնքան են իրենք ոգևորվել, որ արդեն մեր ներպետական գործերին են խառնվում, մեր երկրի ծննդական են ուզում փոխել։ Դուք ո՞նց կընկալեք դա»,–ասաց Կարապետյանը։