Դանիական MyDefence պաշտպանական ընկերությունը ներկայացրել է շարժական Wingman Edge անօդաչու թռչող սարքերի ցուցիչը, որը մոտեցող դրոնները հայտնաբերում է կառավարման ռադիոազդանշաններով՝ մինչև 6 կիլոմետր հեռավորության վրա։

Wingman Edge-ի քաշը մոտ 1 կիլոգրամ է։ ԱԲ-ով դասակարգման համակարգին միացված պասիվ ռադիոընդունիչի օգնությամբ ցուցիչը սքանավորում է տարբեր ալիքային տիրույթներ՝ 200 ՄՀց-ից մինչև 6 ԳՀց, հայտնել է «Техкульт»-ը։ Հայտնաբերված ազդանշանը վերլուծվում և համեմատվում է անօդաչու թռչող սարքերի հայտնի ազդանշանների հետ։

Կառավարման և հսկողության համակարգերին միացված լինելու դեպքում Wingman Edge-ը կարող է արագ հարմարվել նախկինում անհայտ ազդանշաններին։ Ազդանշանի հաստատումից հետո օգտատերը ստանում է մոտեցող անօդաչու թռչող սարքի մասին նախազգուշացում՝ կախված ռեժիմից՝ ձայնային կամ լուսային ազդանշանի, տատանման կամ ցուցադրման էկրանին ներկայացվող տեղեկատվության տեսքով։