Սովորական կենցաղային սարքերը՝ հարմարավետ էլեկտրական վերմակներից մինչև արտաքինից անվնաս թվացող փոշեկուլներ, կարող են մահացու վտանգավոր հրդեհների աղբյուր դառնալ։ Գիտնականները կազմել են ամենահրդեհավտանգ սարքերի ցանկը, որոնք վերջին 16 տարվա ընթացքում հրդեհների պատճառ են դարձել, գրում է Daily Mail-ը։

Այս թեման կրկին արդիական դարձավ, երբ Մեծ Բրիտանիայում անսարք չորացնող մեքենան հրդեհ է հրահրել, որի հետևանքով մահացել են հայրն ու դուստրը։ Սակայն մասնագետները նշում են, որ չորացնող մեքենաներն իրականում մեր տներում եղած տեխնիկայի ամենավտանգավոր տեսակից հեռու են։

Վիճակագրությունը վկայում է, որ հրդեհների պատճառ դարձած տեխնիկայի վարկանիշում առաջատարը էլեկտրական սալօջախներն ու ջեռոցներն են, երկրորդ տեղում՝ եփման մակերեսները։ Electrical Safety First կազմակերպության փորձագետների կարծիքով՝ կենցաղում էլեկտրասարքավորումներին առնչվող հրդեհների գլխավոր պատճառը դրանց ոչ ճիշտ շահագործումն է։ Դա ներառում է բազմաթիվ իրավիճակներ՝ սկսած չորացնող մեքենայի թելիկների ֆիլտրը մաքրելու անտեսումից մինչև հզոր կենցաղային սարքերով երկարացման լարի գերբեռնումը։

Փորձագետները կարծում են, որ չի կարելի պնդել, թե այս կամ այն սարքերն ինքնին հրդեհների պատճառ են կամ ի սկզբանե վտանգավոր են։ Սակայն վիճակագրությունը վկայում է, որ դրանցից որոշները, այնուամենայնիվ, մյուսներից ավելի հաճախ են հիշատակվում լայնածավալ մահաբեր հրդեհների մասին հաշվետվություններում, գրում է «Фокус»-ը։ Ավելին, վիճակագրությունը վկայում է, որ նման միջադեպերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում խոհանոցում, ուստի շատ հավանական է, որ հրդեհի պատճառը կերակուր պատրաստելու ընթացքում անզգույշ գործողություններն են։ Փորձագետները նշում են, որ հրդեհներն առավել հաճախ կապված են խոհանոցային սալօջախների, այրիչների, գրիլի և միկրոալիքային վառարանների հետ։

Սակայն խոհանոցը միակ վայրը չէ, որտեղ կարող է հրդեհի վտանգ առաջանալ։ Խոհանոցից դուրս, ըստ գիտնականների, ամենահրդեհավտանգ սարքը չորացնող մեքենան է։ Կենցաղային հրդեհների այլ տարածված պատճառների թվում են լվացքի և սպասք լվացող մեքենաները, սառնարանները, մարտկոցների լիցքավորիչ սարքերը և էլեկտրական վերմակները։ Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ հրդեհների պատճառ կարող են դառնալ նույնիսկ առաջին հայացքից անվնաս թվացող սարքերը։