Մենք անկախ այսօրվա հանդիպումից էլ ասել ենք, որ մի քանի երկրների հետ քննարկում ենք ատոմական կառուցելու հետ կապված հարցը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ամերիկյան պատվիրակության հետ նոր էներգաբլոկի կառուցման հարցն է քննարկվել։

«Մենք այդ երկրների ցանկի մասին էլ ենք խոսել և այն երկրի առաջարկը, որը կլինի նպատակահարմար մեր էներգետիկ համակարգի համար և մատչելի մեր ֆինանսական հնարավորությունների մեջ, այդ կերպ էլ կամփոփենք»,–ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը քննարկել է փոքր մոդուլայի՞ն, թե ավելի մեծ ռեակտոր ունենալու հարցը, նախարարը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է և փոքր էներգաբլոկներով և ավանդական մեծ էներգաբլոկներով, այնպիսին, ինչպիսին հիմա Մեծամորի ատոմակայանն է։

Չենք բացառում նաև դրանից ավելի մեծ հզորությամբ ատոմական կառուցելու հարցը։ Մենք տարբեր երկրների հետ տարբեր առաջարկներ ենք քննարկում, երբ որ վերջնականացում կունենանք, դրա մասին կասենք»։