Կասպից ծովի ծանծաղացումն ազդում է ոչ միայն առափնյա տարածքների վիճակի, այլև նավթագազային ենթակառուցվածքի գործարկման վրա։ Դրա մասին հայտարարել է Կասպից ծովի ինստիտուտի (Թուրքմենստան) տնօրեն Մըրատ Ատաջանովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Արդիական հարց է Կասպից ծովի ծանծաղացումը, և դա ընդհանուր մարտահրավեր է մերձկասպյան բոլոր հինգ պետությունների (Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի) համար։ Այն ազդում է ոչ միայն առափնյա տարածքների վիճակի, այլև նավթագազային ենթակառուցվածքի գործարկման վրա։ Խորությունների և ափագծի կազմաձևի փոփոխությունը կարող է ստեղծել և արդեն ստեղծում է լրացուցիչ ռիսկեր առափնյա արտադրական օբյեկտների, մուտքային ջրանցքների, նավահանգստային ենթակառուցվածքի, ինչպես նաև ծովային հարթակների, ստորջրյա խողովակաշարերի և այլ օֆշորային կառույցների շահագործման համար»,- նշել է նա։




























