Բացի հոգևոր ծառայությունից, ուրիշ անելիքը ես չունեմ, հայ հոգևորականի առաքելությունը ծառայել Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցուն և ամբողջովին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ անդրադառնալով NEWS.am—ի հարցին, թե արդյոք Ազգային ժողովում մասնակցելու է եկեղեցուն առնչվող Քննիչ հանձնաժողովի քննարկումներին։

Հարցին՝ շարունակո՞ւմ է պահանջել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա, Սրբազանը չցանկացավ պատասխանել՝ նշելով. «Ավելորդ եք խոսում, ժողովուրդ ջան։ Դուք ամենաբարձր մակարդակի մարդիկ պետք է լինեք, հայ ազգի մեջ։ Ես ասեցի, որպես արքեպիսկոպոս և խնդրեցի դրանով սահմանափակվել։ Ես հոգևոր առաջնորդ եմ և ի ծնե հոգևոր առաջնորդությամբ իմ ժողովրդին եմ ծառայել և մինչև վերջ իմ ժողովրդին պիտի ծառայեմ։ Իսկ ժողովրդին ծառայելով ժողովրդի միջոցով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»։

Իսկ երբ լրագրողները այլ հարցեր էին ուզում տալ, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հունից դուրս եկավ. «Դուք ավելորդ եք բան անում, դուք ուզում եք, որ իմ համբերությունը հատնի և կհատնի»։