Ալիևի և Էրդողանի զրույցից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունը չի թուլացել։
Դրա մասին է վկայում Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհրդի հայտարարությունը։
Մասնավորապես, այնտեղ նշվում է, որ «թուրքական որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի հաշիվներում տարածվող անհիմն պնդումները, թե Ադրբեջանում հիջաբ կրելու պատճառով սկսվել են զանգվածային ձերբակալություններ, և մարդիկ այդ պատճառով լքում են երկիրը, ապատեղեկատվության ակնհայտ օրինակ են»։
«Այս հրապարակումները միտված են կրոնական զգայունության շահարկման միջոցով հասարակական կարծիքը մանիպուլացնելու և մեր երկրի մասին խեղաթյուրված պատկերացում ձևավորելու նպատակին։
Առանձին քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությունը նման կեղծ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև Ադրբեջանի դեմ վիրավորական ձևակերպումներով անհիմն պնդումների ներկայացումը հակասում են նրանց հասարակական պատասխանատվությանը և լսարանի վրա ազդեցություն գործադրելու հնարավորությունների անթույլատրելի չարաշահում են։
Մեդիայի և հեռարձակման խորհուրդը վճռականորեն դատապարտում է մեր երկրի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին կոչ է անում պատասխանատու կերպով մոտենալ տեղեկատվության տարածմանը, իսկ հանրությանը՝ քննադատաբար վերաբերվել նման հրապարակումներին, ստուգել տեղեկությունները վստահելի աղբյուրներով և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։




























