Վերջին տարիներին խաղաղության, զարգացման և անվտանգության գլոբալ պակասուրդը միայն աճել է, սակայն աշխարհի ձգտումը բազմաբևեռության և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման նկատմամբ մնում է անկասելի միտում։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին Սյունանում 2026 թվականի Գլոբալ կառավարման ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարար Վան Ին։ Նշենք, որ NEWS.am-ի լրագրողը միջոցառումը լուսաբանում է անմիջապես դեպքի վայրից։

Չինաստանի արտգործնախարարն ընթերցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ողջույնի ուղերձը՝ ընդգծելով, որ առաջարկված գլոբալ կառավարման նախաձեռնությունն ուղղված է ավելի արդար և խելամիտ աշխարհակարգի համակարգի ստեղծմանը։ «Հենվելով վստահության և համագործակցության վրա՝ մենք պետք է կյանքի կոչենք Գլոբալ կառավարման նախաձեռնությունը, որպեսզի ավելի շատ կայունություն և դրական էներգիա հաղորդենք տուրբուլենտ աշխարհին»,- պետության ղեկավարի ուղերձն է մեջբերել արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անցած տարվա ընթացքում վերոնշյալ նախաձեռնության միջազգային հեղինակությունը զգալիորեն աճել է՝ այն վերածելով պահանջված հանրային բարիքի։ «Աշխարհը բախվում է միակողմանի ճնշման մարտահրավերներին, սակայն ապագան իսկական բազմակողմ մոտեցման մեջ է, որի առանցքային միջուկը մնում է Միավորված ազգերի կազմակերպությունը»,- ընդգծել է Վան Ին։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ամրապնդել ՄԱԿ-ի դերը, բարձրացնել Անվտանգության խորհրդի օպերատիվությունն ու ընդլայնել Գլոբալ հարավի երկրների ներկայացվածությունը՝ վերացնելով պատմական անարդարությունը։

Անդրադառնալով տնտեսական և տեխնոլոգիական հարցերին՝ Չինաստանի արտգործնախարարը մատնանշել է հովանավորչության անընդունելիությունը և ԱՀԿ-ի հովանու ներքո բազմակողմ առևտրային համակարգի աջակցության կարևորությունը։ «Արհեստական բանականությունը, խորջրյա հետազոտությունները և տիեզերքի յուրացումը պետք է ծառայեն մարդկության բարօրությանը և դառնան միջազգային համագործակցության տարածքներ, այլ ոչ թե մրցակցության ասպարեզ»,- հավելել է Վան Ին։

Եզրափակելով՝ նախարարը հայտարարել է Պեկինի մի շարք գործնական քայլերի մասին, դրանց թվում՝ Սյունանում Գլոբալ կառավարման հետազոտությունների կենտրոնի ստեղծումը, գլոբալ կառավարման ինդեքսի հրապարակումը, ինչպես նաև թվային համագործակցության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և տիեզերական տարածքում անվտանգության ապահովման նախաձեռնությունները։

Դիանա Առուշանյան, Սյունան