ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանից է այսօր NEWS.am-ը փորձել ճշտել արդյոք զեկույցի հրապարակումից հետո ռուսական կողմի հետ եղել է որևէ քննարկում, նախարարը պատասխանել է, որ ոչ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված զեկույցում Ռուսաստանն ու անդամ մյուս երկրները նշել էին, որ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են կասեցնել Հայաստանի անդամակցությունը կառույցում, ըստ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, քանի որ Հայաստանի եվրաինտեգրման քայլերը իրավականորեն անհամատեղելի են ԵԱՏՄ կանոնների հետ։ Բացի այդ զեկույցում թվարկել էին, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կունենա անդամության սառեցումը:

ԵԱՏՄ զեկույցի համաձայն՝ Հայաստանի անդամակցության սառեցումը կհանգեցնի տնտեսական ծանր ճգնաժամի, ներառյալ ՀՆԱ-ի 15.6% անկում, գնաճի 14.9% աճ, գազի սակագնի թանկացում 69%-ով և ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ավելի քան 55% կրճատում եւ այլն։