«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։

Անշարժ գույք․

Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2009 թվականի դեկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բնակարանը հայտարարագրված է որպես համատեղ սեփականություն։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է 1 մլն 937 հազար 853 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 473 հազար 764 դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում նրա բանկային հաշիվների մնացորդն ավելացել է 2 մլն 535 հազար 911 դրամով։

Կանխիկ դրամական միջոցներ Սերգեյ Բագրատյանը չի հայտարարագրել։

150 մլն դրամի անտոկոս փոխառություն․

Հայտարարագրի համաձայն՝ Սերգեյ Բագրատյանը Բագրատ Բագրատյանին՝ որդուն, տրամադրել է 150 մլն դրամի փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Փոխառության գումարը տարվա սկզբին կազմել է 150 մլն դրամ, և նույնքան է մնացել նաև 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Տարվա ընթացքում փոխառության նոր գումար չի տրամադրվել, և վերադարձ նույնպես չի արձանագրվել։

Եկամուտներ․

2025 թվականին Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 13 մլն 524 հազար 932 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, նա քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով եկամուտներ է ստացել երկու հաստատությունից՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից՝ 27 հազար 300 դրամ, և «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» հաստատությունից՝ 50 հազար 500 դրամ։

Այսպիսով, պատգամավորի՝ հայտարարագրում նշված տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 602 հազար 732 դրամ։

Բիզնեսներ․

Սերգեյ Բագրատյանը մի շարք առևտրային կազմակերպություններում բաժնեմասեր ունի։ Նա «Սերգեյ Գրուպ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ բաժնեմասնակցությունը ձեռք բերելով 2000 թվականի փետրվարի 11-ին։ «Եվրո Օյլ» ընկերությունում նրան է պատկանում 50 տոկոս բաժնեմաս՝ 2016 թվականի մարտի 24-ից, իսկ «ԲԻԷՍԲԻ» ընկերությունում՝ 1.9801980198019802 տոկոս բաժնեմաս՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ից։

Պատգամավորի կնոջ՝ Նաիրա Հակոբյանի անունով նույնպես հայտարարագրված են բաժնեմասեր երեք ընկերություններում։ Նա «Բաշ Ռեալթի» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ 2023 թվականի մարտի 13-ից, «Արևալույս» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ից, և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս 2023 թվականին գրել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր»։