Շաբաթ օրը Սլովակիայում շուրջ 4,4 միլիոն ընտրող է մասնակցել տարածաշրջանային և համայնքային իշխանության մարմինների ընտրություններին, հայտնում է Volbysr.sk-ն։

Այս քվեարկությունը դիտարկվում է որպես 2027 թվականին կայանալիք ընտրություններից առաջ հանրային տրամադրությունների ցուցիչ։

Ընտրությունների արդյունքում ձախ պոպուլիստ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած իշխող եռակուսակցական կոալիցիան կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնությունը։ Սակայն հարցումները նաև ցույց չեն տալիս, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում լիբերալ և պահպանողական ընդդիմությունը կկարողանար մեծամասնություն ձևավորել։

Շաբաթ օրն անցկացվող համապետական քվեարկության շրջանակում, որն անվանում են նաև «սուպերընտրություններ», միաժամանակ ընտրվում են երկրի բոլոր ութ տարածաշրջանների ղեկավարներն ու պատգամավորները։ Բացի այդ, ընտրողները որոշում են շուրջ 3 հազար բնակավայրերի քաղաքապետերին ու համայնքային խորհուրդների կազմը։

Երկրի երկու խոշորագույն քաղաքներում՝ Բրատիսլավայում և Կոշիցեում, անցկացվում են նաև վարչական շրջանների ղեկավարների և շրջանային խորհուրդների ընտրություններ։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին և պետք է փակվեն 20:00-ին, թեև տեխնիկական խնդիրներ ծագելու դեպքում քվեարկությունը կարող է ավելի երկար տևել։

Արդյունքների պաշտոնական կանխատեսումներ չեն հրապարակվելու։ Մասնակի արդյունքները կսկսեն ամփոփվել գիշերվա ընթացքում՝ ձայների հաշվարկին զուգահեռ։