Իրանը թույլ չի տա, որ ամերիկյան ռազմանավերը կրկին մտնեն Պարսից ծոց, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, հաղորդում է Mehr գործակալությունը։
«Մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա, որ ժանգոտող ամերիկյան ռազմանավերը կրկին մտնեն Պարսից ծոց»,— ընդգծել է նա։
Աբդոլլահիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զրկել են ԱՄՆ ռազմածովային ուժերին արդյունավետությունից։ Նա նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, նավատորմը համարում է երկրի ռազմական հզորության գլխավոր խորհրդանիշներից մեկը և այն օգտագործում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի վրա ճնշում գործադրելու համար։
«Բանն այն է, որ այժմ այդ նավատորմն այլևս ի վիճակի չէ մոտենալ Պարսից ծոցի կամ Իրանի տարածքային ջրերին»,— ասել է իրանցի գեներալը։ Նա կրկնել է, որ Թեհրանը երբեք և ոչ մի պարագայում թույլ չի տա ամերիկյան ռազմանավերին մուտք գործել Պարսից ծոց։
Աբդոլլահին նաև մեղադրել է Թրամփին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը բազմիցս պնդել է, թե Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացված են, բայց միևնույն ժամանակ շարունակել է հայտարարել, որ Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա։
«Եթե ամեն ինչ ոչնչացրել եք, էլ ի՞նչ իմաստ ունի կրկնել այդ մոլորությունը»,— ասել է գեներալը՝ նման հայտարարություններն անվանելով անիմաստ և մոլորեցնող։
Նա նաև կասկածի տակ է դրել Իրանի ռազմական ներուժի ոչնչացման մասին Վաշինգտոնի պնդումները՝ մատնանշելով, որ ամերիկյան նավերն ու զինծառայողները չեն համարձակվում մոտենալ Հորմուզի նեղուցին, ինչպես նաև Իրանի ծովային կամ ցամաքային սահմաններին։
Աբդոլլահին հայտարարել է, որ Իրանը մտադիր է շարունակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ դիմակայությունը։ Ըստ նրա՝ Իրանի գերագույն առաջնորդի վճռականության, ժողովրդի տոկունության, զինված ուժերի գործողությունների և պետական պաշտոնյաների ջանքերի շնորհիվ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցն ավելի ու ավելի խորը կխրվեն իրենց իսկ ստեղծած ճգնաժամի մեջ։
«Որքան երկար տևի այս դիմակայությունը, այնքան ավելի խորը կընկղմվեք մահվան ու անկման ճահճի մեջ»,— եզրափակել է իրանցի գեներալը։




























