Արգենտինայի դատարանը կարճել է կրիպտոարժութային սկանդալի գործով նախագահ Խավիեր Միլեյի դեմ հարուցված վարույթը, հաղորդում է La Nacion-ը։
Դաշնային դատավոր Մարսելո Մարտինես դե Ջորջին եզրակացրել է, որ նախագահին վերագրվող գործողություններում հանցակազմ չկա։
Անցյալ տարի Միլեյին մեղադրել էին սոցիալական ցանցերում $LIBRA կրիպտոարժույթը գովազդելու համար։ Նախագահի գրառումից ընդամենը մի քանի ժամ անց թոքենի արժեքը կտրուկ իջել էր, իսկ ներդրողները, ըստ գնահատականների, ավելի քան 200 մլն դոլարի վնաս էին կրել։ Դրանից հետո ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պահանջել էին սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը։
«Աշխարհն ուզում է ներդրումներ անել Արգենտինայում։ $LIBRA»,— գրել էր Միլեյը X-ում, բայց մի քանի ժամ անց ջնջել գրառումը։ Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ տեղյակ չի եղել նախագծի մանրամասներին, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իմանալուն պես որոշել է դադարեցնել դրա գովազդը։
Քննադատները կասկածում էին, որ Միլեյը ներգրավված է այսպես կոչված «rug pull» սխեմայում. դա կրիպտոարժութային խարդախության տեսակ է, երբ թոքենի գնի կտրուկ անկման հետևանքով ներդրողները կորցնում են իրենց գումարները։
Դատավորի գնահատմամբ՝ բավարար ապացույցներ չկան՝ նախագահին խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ պետական պաշտոնյային անհարիր այլ արարքների մեջ մեղադրելու համար։ Ավելի վաղ նույն եզրահանգմանն էին եկել նաև դատախազները։
Միլեյը ողջունել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ այն մերկացրեց «քաղաքական ու մեդիա հսկայական արշավը», որի միակ նպատակը քաղաքական դրդապատճառներով ու հեղաշրջման փորձերով իր իշխանությունը խարխլելն էր։ Նախագահի խոսքով՝ դատական համակարգը վերջապես վերականգնեց արդարությունը։
Ընդդիմությունը, մինչդեռ, խիստ քննադատել է այս վճիռը։ Պերոնիստական ձախակողմյան «Լա Կամպորա» երիտասարդական շարժումը X-ում գրել է, թե երկրում արդարադատություն չկա, իսկ դատարանները գործում են իշխանություններին ծառայող մաֆիայի թելադրանքով։ Այս կազմակերպությունը մտերիմ է Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների հետ, որը կոռուպցիայի գործով դատապարտվել է և այժմ տնային կալանքի տակ է։



























