Տարեց մարդիկ հաճախ հրաժարվում են լքել իրենց տները, նույնիսկ երբ դրանք այլևս չեն համապատասխանում իրենց ֆիզիկական կարիքներին։ Պատճառը միայն սովորույթի ուժը չէ. տունը սերտորեն շաղկապված է հիշողությունների, առօրյա սովորությունների և մարդկային շփումների հետ, գրում է Phys.org-ը։
Նման եզրակացության է եկել Բելգիայի Հասելտի համալսարանի ճարտարապետ և հետազոտող Սանդեր Լամբրիքսը, որն ուսումնասիրել է տան և ծերության շրջանում մարդու բարեկեցության միջև կապը։
Հետազոտողի խոսքով՝ տարեցների բնակարանային հարցերը քննարկելիս սովորաբար առանձնացնում են երկու կողմ՝ ֆիզիկական հարմարավետությունը (աստիճանների ու շեմերի բացակայություն, հարմարեցված սանհանգույցներ, լայն դռներ) և զգացմունքային կապվածությունը՝ պայմանավորված հիշողություններով ու շրջապատի հետ հարաբերություններով։ Սակայն այս երկու կողմերն իրականում շատ ավելի սերտորեն են միահյուսված, քան թվում է առաջին հայացքից։
Իր դոկտորական ատենախոսության շրջանակում Լամբրիքսն այցելել է տարեցներին, զրուցել նրանց և այդ տները նախագծած ճարտարապետների հետ, ինչպես նաև ուսումնասիրել շենքերի հատակագծերը։ Հետազոտությունը միավորել է ճարտարապետության և ծերաբանության մեթոդները։
Գիտնականը նշում է, որ տունը փոխվում է իր բնակիչների հետ միասին. կահույքն իր մշտական տեղն է գտնում, իրերը դառնում են հարազատ ու թանկ, սենյակները նոր գործառույթներ են ստանում, իսկ միջավայրն աստիճանաբար կերպարանափոխվում է։ Միևնույն ժամանակ, հենց բնակարանն է թելադրում, թե մարդն ինչ կարող է անել, ինչպես է կազմակերպում իր առօրյան և որքանով է իրեն լավ զգում։
Հետևաբար, բարեկեցությունը կախված է ոչ միայն առողջական վիճակից կամ շենքի պայմաններից, այլև դրանց ու անձնական իրերի և շրջակա միջավայրի փոխներգործությունից։
Սրանով էլ բացատրվում է, թե ինչու ավելի փոքր կամ ավելի հարմարավետ բնակարան տեղափոխվելը տարեցների համար ոչ միշտ է միանշանակ ընտրություն։ Բնակավայրի փոփոխությունը նրանց համար պարզապես նոր հասցե չէ, այլ բաժանում այն վայրից, որտեղ տասնամյակներ շարունակ ձևավորվել են իրենց կենսակերպը, մարդկային կապերն ու հիշողությունները։
Լամբրիքսը ճարտարապետներին, իշխանություններին և առողջապահության ոլորտի մասնագետներին կոչ է անում հաշվի առնել ոչ միայն տարեցների ֆիզիկական կարիքները, այլև այն ամենը, ինչը կոնկրետ բնակարանը դարձնում է հարազատ օջախ։ Հետազոտողի կարծիքով՝ նման մոտեցումը թույլ կտա ստեղծել այնպիսի բնակավայրեր և քաղաքային միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն ապահով կծերանան, այլև կկարողանան պահպանել կյանքի բարձր որակը։



























