Նոր ու սուր զգացողություններ փնտրող մարդիկ ոչ միայն առանձնահատուկ հետաքրքրություն ունեն արտասովոր տպավորությունների հանդեպ, այլև բոլորովին այլ կերպ են վերաբերվում անորոշությանը։ Ընդ որում՝ նրանց վարքագիծը տարբերվում է իմպուլսիվ մարդկանցից, որոնք սովորաբար խուսափում են անկանխատեսելի իրավիճակներից։ Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնց հետազոտության մեջ առանցքային դեր է ունեցել Դարմշտադտի տեխնիկական համալսարանը։ Հետազոտության արդյունքները լույս են տեսել Communications Psychology ամսագրում։
Սուր զգացողությունների պահանջը սովորաբար կապում են ուժեղ ազդակների կարիքի հետ. համարվում է, որ նման մարդիկ տպավորությունները համեմատաբար թույլ են զգում, այդ պատճառով էլ փնտրում են ավելի ցայտուն ապրումներ։ Սակայն այստեղ պակաս կարևոր չէ նաև անորոշության գործոնը. օրինակ՝ երբ սարսափ ֆիլմ դիտելիս մարդը չգիտի, թե կոնկրետ երբ է լինելու հաջորդ սահմռկեցուցիչ պահը։
Այս երկու գործոնների ազդեցությունը ստուգելու համար մասնագետները երկու գիտափորձ են կատարել։ Մասնակիցներին առաջարկել են ընտրել տարբերակներ, որոնք տարբերվում էին զգայական ազդակ ստանալու հավանականությամբ։ Համակարգչային մոդելավորման միջոցով հետազոտողներն առանձին-առանձին գնահատել են, թե մարդիկ որքանով են կարևորում բուն ազդակը, և ինչպես է նրանց ընտրության վրա ազդում այն անորոշությունը, թե երբ այն կհայտնվի։
Պարզվել է, որ սուր զգացողությունների հակված մարդիկ ավելի հազվադեպ են խորշում անորոշ տարբերակներից։ Սակայն նրանց որոշումը կախված է եղել բուն տպավորության արժեքից. եթե ազդակն իրենց համար էական չէր, նրանք գերադասում էին անկանխատեսելի տարբերակները, իսկ եթե այն մեծ նշանակություն ուներ, ընտրում էին ավելի հուսալի ու կանխատեսելի ելքերը։
Բացի այդ, նոր ապրումների մեծ պահանջ ունեցող մարդիկ դիտարկում էին ավելի շատ տարբերակներ, սակայն, ընդհանուր առմամբ, մի փոքր ավելի դժգոհ էին մնում սեփական ընտրության արդյունքից։
Գիտնականները համեմատել են նաև սուր զգացողությունների ձգտումն ու իմպուլսիվությունը՝ բնավորության մի գիծ, որը նույնպես ուղեկցվում է ռիսկային քայլերով։ Թեև առաջին հայացքից դրանք շատ նման են, փորձերը բացահայտել են անորոշության հանդեպ տրամագծորեն հակառակ վերաբերմունք. նորությունների սիրահարները հեշտությամբ են համակերպվում անորոշության հետ, մինչդեռ իմպուլսիվ մարդիկ, ընդհակառակը, ամեն կերպ խուսափում են դրանից։
«Կյանքում այս երկու հատկանիշները կարող են նույնական թվալ, սակայն դրանց հիմքում անորոշության հանդեպ սկզբունքորեն տարբեր արձագանքներ են», — ընդգծել է հետազոտության համահեղինակ, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հաշվողական կոգնիտիվ գիտությունների պրոֆեսոր Չարլի Վուն։
Հեղինակների խոսքով՝ այս արդյունքները բացատրում են, թե ինչու սուր զգացողությունների մոլուցքը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Անորոշությունը կարող է օգտակար լինել, եթե նոր հեռանկարներ է բացում կամ արժեքավոր տեղեկություններ տալիս, սակայն կարող է նաև վնասել, երբ որևէ շոշափելի օգուտ չի բերում։ Այս եզրակացությունները լույս են սփռում նաև մոլախաղերի գրավչության վրա, որտեղ անկանխատեսելի արդյունքի սպասումը միահյուսվում է բուռն հույզերի հետ։

























