Հարավկորեացի հետազոտողները պարզել են այն հավանական օրը, երբ Վինսենթ վան Գոգը կարող էր տեսնել իր հռչակավոր «Աստղալից գիշեր» կտավում պատկերված երկինքը, գրում է Daily Mail-ը։
Ըստ նրանց հաշվարկների՝ նկարիչն այն պատկերել է 1889 թվականի հուլիսի 22-ի լուսաբացին, ինչը մոտ մեկ ամիս ավելի ուշ է, քան ենթադրվում էր նախկինում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Գիտնականները կտավում երկնային մարմինների դիրքը համադրել են աստղագիտական տվյալների և Ֆրանսիայի հարավային Սեն Ռեմի դը Պրովանսում, նկարչի անցկացրած ժամանակաշրջանի պատմական վկայությունների հետ։ Հայտնի է, որ Վան Գոգը կտավը ստեղծել է Սեն Պոլ դը Մոզոլ հոգեբուժարանում գտնվելու տարիներին, որի պատուհանից տեսարան էր բացվում դեպի շրջակայքը։
Հետազոտողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել նվազող Լուսնի բարակ մահիկին, Վեներային և Ցուլ համաստեղության Հիադներ աստղակույտին։ Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ երկնային մարմինների հենց այսպիսի դասավորություն է եղել հուլիսի 22-ի վաղ առավոտյան։ Վիճակագրական վերլուծությունը նաև հաստատել է կտավի կենտրոնական հինգ աստղերի և Հիադների միջև նմանությունը։ Այդ համընկնումն էլ ավելի հստակ երևում է փետուրով արված գծանկարում, որը Վան Գոգը ստեղծել էր յուղաներկով կտավից հետո։
Կիրառված մեթոդը ստուգելու համար թիմը նախ ուսումնասիրել է նկարչի երկու այլ գիշերային աշխատանքները՝ «Սրճարանի գիշերային տեռասը» և «Աստղալից գիշեր Ռոնի վրա» կտավները, որոնց ստեղծման ստույգ ժամկետները հայտնի են։ Աստղագիտական մոդելավորմամբ գիտնականները վերականգնել են այդ օրերի երկնակամարի տեսքը և նույնպես համընկնումներ գտել. առաջին կտավում նշմարվում է Ամառային եռանկյունի աստերիզմը, իսկ երկրորդում՝ Մեծ արջը։
Այնուհետև հետազոտողները 2019 թվականին երկու անգամ մեկնել են Ֆրանսիա, որպեսզի վերականգնեն Վան Գոգի տեսադաշտն ու հասկանան, թե սենյակի պատուհանից որ երկնային մարմինները կարող էր նա տեսնել։ Նրանք ուսումնասիրել են նաև ժամանակի եղանակային արխիվները։ Ըստ նրանց եզրակացության՝ հուլիսի 22-ի գիշերը երկինքը բավականաչափ պարզ է եղել դիտարկումների համար, իսկ նկարչի նամակներում ծղրիդների հիշատակումը համապատասխանում է այդ շրջանին բնորոշ շոգ եղանակին։
Հեղինակները ենթադրում են, որ Վան Գոգը տեսած երկնքի ուրվագիծն արել է հուլիսի 22-ի վաղ առավոտյան, իսկ կտավն ավարտին է հասցրել հաջորդող օրերին։ Այս բացահայտումը կարող է օգնել ավելի ճշգրիտ վերականգնել Սեն Ռեմիում նկարչի ստեղծած գործերի ժամանակագրությունը։

























