Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Յալուցզյան գետի նոր կամրջով ժամանել է չինական Դանդուն քաղաք։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարական իր աղբյուրին։

Երկու երկրները կապող քառագոտի կամուրջը շահագործման է հանձնվել շուրջ մեկ շաբաթ առաջ՝ կառուցման ավարտից 12 տարի անց։ Շինարարությունն ավարտվել էր դեռևս 2014 թվականին, սակայն բացումը պարբերաբար հետաձգվում էր հյուսիսկորեական կողմում մուտքի ճանապարհների և մաքսային ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Ակնկալվում է, որ նոր երթուղին կխթանի Չինաստանի և ԿԺԴՀ-ի միջև տնտեսական կապերը։

Չինաստանը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեայի գլխավոր առևտրային գործընկերը և Փհենյանի քաղաքական ու տնտեսական գլխավոր հենարանը։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին ԿԺԴՀ-ն զգալիորեն մերձեցել է Ռուսաստանի հետ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Փհենյանը զորք է ուղարկել Մոսկվային աջակցելու համար, իսկ սեպտեմբերին Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը բացել են իրենց առաջին ավտոմոբիլային կամուրջը։

Կիմ Չեն Ընի այցն ընթանում է Կորեական թերակղզում տիրող լարվածության ֆոնին։ Նախօրեին Սեուլը Փհենյանին առաջարկել էր ռազմական բանակցություններ սկսել՝ սահմանագիծը հստակեցնելու և կապի ուղիները վերականգնելու նպատակով։

Առիթը ապառազմականացված գոտում տեղի ունեցած պայթյունն էր, որի հետևանքով հարավկորեացի զինծառայողներ էին վիրավորվել։ Սեուլը տեղի ունեցածի համար մեղադրել է հյուսիսկորեական ականներին, սակայն Փհենյանը հերքել է մեղադրանքներն ու դեռևս չի արձագանքել բանակցությունների առաջարկին։