Հոկտեմբերի 17-ին՝ 74 տարեկանում, կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Gentosha պարբերականը։ Ըստ տվյալների՝ գրողը մահացել է սեփական տանը, իսկ հրաժեշտի արարողությունն անցկացվել է ընտանեկան նեղ շրջանակում, գրում է The Japan Times-ը։
Մուրակամիին մեծ ճանաչում բերեց 1976 թվականին լույս տեսած «Գրեթե թափանցիկ կապույտը» դեբյուտային վեպը։ Այս ստեղծագործության համար նա արժանացավ Ճապոնիայի ամենահեղինակավոր գրական պարգևներից մեկին՝ Ակուտագավայի մրցանակին, ինչպես նաև սկսնակ հեղինակներին տրվող «Գունձո» մրցանակին։ Վեպը պատմում էր երիտասարդների մասին, որոնց կյանքը լի էր թմրանյութերով, սեքսով և բռնությամբ։
Գրողի մյուս հայտնի գործերից են «Պահախցիկի երեխաները», «Միսո ապուրի մեջ» և «Աութ» վեպերը։ Իր ստեղծագործություններում նա անդրադառնում էր հասարակության մութ կողմերին, բռնությանը, օտարմանը և երիտասարդական մշակույթին։ Բացի գրական գործունեությունից, Մուրակամին շուրջ 20 տարի վարել է ճապոնական հայտնի «Կամբրիական պալատ» հեռուստահաղորդումը՝ հանդես գալով որպես հարցազրուցավար։




























