Իսպանիայի ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» (PP) սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ հրապարակելով նախընտրական տեսահոլովակ, որտեղ օգտագործվել են վարչապետ Պեդրո Սանչեսի և նրա ղեկավարած «Սոցիալիստական կուսակցության» հետ կապ ունեցող գործիչների դիփֆեյքերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութում քաղաքական գործիչները կարծես խոստովանում են, որ ներգրավված են կոռուպցիայի, ապօրինի վճարումներ ստանալու և այլ զանցանքների մեջ։ Այս հրապարակումը թեժ բանավեճ է առաջացրել նոյեմբերի 29-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական պայքարում ԱԲ-ի կիրառման թույլատրելիության շուրջ։

Դրվագներից մեկում վարչապետի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի թվային կրկնօրինակը պատմում է, թե համալսարանում պաշտոն է ստացել ամուսնու շնորհիվ։ Մեկ այլ դրվագում Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն իբր պատմում է չհրկիզվող պահարանում թաքցված զարդերի մասին։ Այս տեսարաններն ակնարկում են ընթացող այն հետաքննությունները, որոնց շրջանակում Գոմեսն ու Սապատերոն կտրականապես հերքում են իրենց հասցեին հնչող որևէ մեղադրանք։

Արդեն ուրբաթ օրվա դրությամբ տեսահոլովակը գրեթե երկու միլիոն դիտում էր հավաքել։ «Ժողովրդական կուսակցությունում» պնդում են, որ տեսանյութը քաղաքական երգիծանք է, իսկ դրա արհեստական ծագման մասին նշված է տողատակում, թեև՝ շատ մանր տառաչափով։

Իսպանիայի թվային փոխակերպման նախարար Օսկար Լոպեսը խստորեն քննադատել է տեսանյութը՝ ընդգծելով, որ այն «վիթխարի սուտ» է տարածում։ Նրա խոսքով՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներին անծանոթ մարդիկ կարող են տեսածն ընդունել որպես քաղաքական գործիչների իրական խոստովանություն։

«Սոցիալիստական կուսակցության» նախկին անդամ Լեյրե Դիեսը, որի կերպարը նույնպես օգտագործվել է հոլովակում, բողոք է ներկայացրել «Ժողովրդական կուսակցության» դեմ՝ մեղադրելով զրպարտության և անձի թվային կրկնօրինակի ապօրինի օգտագործման մեջ, ինչպես նաև պահանջել անհապաղ հեռացնել տեսանյութը։

Միևնույն ժամանակ, El País պարբերականի հարցված իրավաբանների կարծիքները նման նյութերի իրավաչափության հարցում տարբերվել են, թեև մեծամասնությունը հակված է այն մտքին, որ տվյալ դեպքում օրենքի խախտում կարող է և չլինել, քանի որ առկա է ԱԲ-ի կիրառման մասին նշումը, իսկ ոճը երգիծական է։ Այդուհանդերձ, փորձագետները շեշտել են, որ իրավական տեսանկյունից թույլատրելի լինելը չի վերացնում նման քաղաքական գովազդի բարոյականության ու էթիկայի հարցերը։

«Ժողովրդական կուսակցությունը», որը, սոցհարցումների համաձայն, ընտրությունների հավանական հաղթողն է համարվում, մերժել է չարամտության մասին բոլոր մեղադրանքները։ Ըստ կանխատեսումների՝ կառավարություն ձևավորելու համար նրան անհրաժեշտ կլինի ծայրահեղ աջակողմյան «Vox» կուսակցության աջակցությունը։