Իտալիայի ոստիկանությունն ավելի քան 150 խուզարկություն է իրականացրել Միլանում, Մոնցայում և ևս մոտ 20 քաղաքներում (հիմնականում Լոմբարդիայում)՝ նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների գործով։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Խուզարկվածների թվում կան ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, որոնցից շատերն անչափահաս են և նախկինում քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։
Գործողություններն առնչվում են մի կասկածելի խմբային չաթի, որը Մոնցայի ոստիկանությունը հայտնաբերել էր Միլանի բախումներին մասնակցած երիտասարդներից մեկի հեռախոսում։ Խուզարկությունների հիմքերը ներկայացված են այն ծանուցագրերում, որոնք ուղարկվել են գործով անցնող անձանց։
Հետաքննությանը զուգահեռ՝ շաբաթ օրն ամբողջ Իտալիայում տասնյակ ցույցեր են ծրագրված։ «Հոկտեմբերի 17» շարժումը հայտարարել է, որ հավաքատեղիներն ու երթերի վերջնակետերը կհրապարակի վերջին պահին։
Միլանի Դուոմոյի հրապարակում արդեն իսկ հերթապահություն են իրականացնում կարաբիներները, ոստիկաններն ու զինվորականները։ Իրավապահները ստուգում են քաղաքացիների փաստաթղթերը, իսկ Թագավորական պալատի մոտ տեղակայվել է բանակային հինգ «Lince» զրահամեքենա։ Կենտրոնի բազմաթիվ խանութներ փայտե վահանակներով փակել են իրենց ցուցափեղկերը, իսկ որոշ առևտրի կետեր նախընտրել են առհասարակ չբացվել կամ փակվել սովորականից շուտ։
Թուրինի Կաստելոյի հրապարակում հանրահավաք է նախատեսված վերազինման, բենզինի թանկացման և տվյալների մշակման կենտրոնների կառուցման դեմ։ Կազմակերպիչները նաև պահանջում են ապահովել բնակարանի, կրթության և բուժօգնության հասանելիության իրավունքը։
Ֆլորենցիայում պատնեշներով են փակվել պատմական կենտրոնի բուտիկների և ոսկերչական խանութների ցուցափեղկերը, իսկ հաստատություններից մեկն ամբողջությամբ ապամոնտաժել է ամառային բացօթյա սրահը։ Նախօրեին քաղաքի հասարակական կարգի և անվտանգության հարցերով կոմիտեն ավելի քան չորս ժամ քննարկել է սպասվող բողոքի ակցիաների հետ կապված անվտանգության միջոցառումները։




























