Կարիբյան ծովի հատակին կարող է գտնվել մինչև 17 միլիարդ դոլար արժողությամբ գանձ, սակայն դրա բարձրացման շուրջ սկանդալ է բռնկվում․ մասնագետները կասկածում են, որ խորտակված իսպանական «Սան-Խոսե» գալեոնը կարող էին թալանել պաշտոնական աշխատանքների մեկնարկից շատ առաջ, գրել է Popular Mechanics-ը։

2025 թվականի վերջին կոլումբացի մասնագետները ստորջրյա ռոբոտի օգնությամբ խորտակված նավից բարձրացրել են առաջին գտածոները՝ 18-րդ դարի երեք ոսկե և բրոնզե մետաղադրամ, բրոնզե թնդանոթ, փայտի, պարանի և հատակային նստվածքների բեկորներ, ինչպես նաև երկու ճենապակյա բաժակ։ Աշխատանքներն իրականացվել են Կոլումբիայի ափերի մոտ՝ մոտ 600 մետր խորության վրա։ Հետազոտողները պնդում են, որ առարկաների դուրսբերումը կօգնի ուսումնասիրել գալեոնի վիճակը և պահպանել այն ապագա սերունդների համար։

Սակայն 2026 թվականի սկզբին կոլումբիական վերահսկիչ խումբը, որը զբաղվում է ստորջրյա մշակութային ժառանգության պահպանությամբ, բաց նամակ է հղել երկրի գլխավոր դատախազին։ Դրանում նշվում էր, որ 2016 և 2022 թվականներին կործանման վայրում կարող էին իրականացվել չարտոնված աշխատանքներ, իսկ խորտակված նավի գաղտնի կոորդինատները կարող էին հայտնի դառնալ կողմնակի անձանց։

Կասկածներն ուժեղացրել է Սաութհեմփթոնի համալսարանի ստորջրյա հնագիտության մասնագետի կատարած նկարների վերլուծությունը։ Համեմատելով 2015 և 2016 թվականների պատկերները՝ նա հայտնաբերել է հատվածներ, որտեղ, իր գնահատմամբ, հատակային նստվածքը հեռացվել էր։ Հարցեր է առաջացրել նաև թնդանոթի հետ բարձրացված պարանի բեկորը․ վերահսկիչ խմբի ղեկավարն այն, ամենայն հավանականությամբ, ժամանակակից է անվանել։ Հետազոտողները հակադարձել են, որ պարաններ պահպանվել են նաև զգալիորեն ավելի հին խորտակված նավերում։ Կոլումբիայի մարդաբանության և պատմության ինստիտուտը բազմիցս հերքել է թալանի փաստը։

Վեճեր կան նաև այն մասին, թե ում պետք է պատկանի գանձը։ Իսպանիան «Սան-Խոսեն» համարում է պետական ռազմական նավ և նավաստիների մահվան վայր։ Ժառանգության նկատմամբ հավակնություն ունի նաև բոլիվիական բնիկ քհարա-քհարա ժողովուրդը, որի նախնիներն արդյունահանել էին նավի վրա գտնվող արծաթի զգալի մասը։ Ամերիկյան Sea Search Armada ընկերությունը, որը պնդում է, թե հայտնաբերել է գալեոնը դեռևս 1980-ականների սկզբին, Հաագայի Մշտական արբիտրաժային պալատի միջոցով պահանջում է 10 միլիարդ դոլար։ Կոլումբիան վիճարկում է նրա պահանջները։

Գալեոնը խորտակվել է 1708 թվականի հունիսի 8-ին՝ բրիտանական նավերի հետ ճակատամարտի ժամանակ, իսպանական ժառանգության համար պատերազմի ընթացքում։ Նավի վրա եղել են մոտ 200 տոննա ոսկի, արծաթ և չմշակված թանկարժեք քարեր՝ հարստություն, որը տասը տարվա ընթացքում հավաքվել էր իսպանական գաղութներում։ Վառոդի պաշարների պայթյունը նավը խորտակել է՝ ջրի տակ ուղարկելով գրեթե 600 նավաստիների։