Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալ)»,- նշեցին Դատախազությունից։

Ըստ Factor TV-ի` փաստաբանին առաջադրված մեղադրանքն առնչվում է 8 տարի առաջ եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գործող սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի գործին։ Հենց Գրիգորյանն է եղել աղմկահարույց գործով Քալաշյանի պաշտպանը։