Արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարները կորցնում են ամերիկացի քաղաքական գործիչների վստահությունը, իսկ համաշխարհային աղետների և մարդկությանը սպառնացող վտանգների մասին նրանց հրապարակային նախազգուշացումները բարդացնում են այդ տեխնոլոգիայի առաջխաղացումն ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Կոնգրեսի իր աղբյուրներին։
Թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները կարծում են, որ տեխնոլոգիական հսկաների ղեկավարները պետք է ավելի քիչ խոսեն աշխարհի հնարավոր վերջի մասին և փոխարենը բացատրեն, թե արհեստական բանականությունն ինչ օգուտ է տալու շարքային ամերիկացիներին։ Տնտեսական աճի ու բարեկեցության բարձրացման խոստումների փոխարեն ոլորտի առաջնորդները պարբերաբար ահազանգում են ԱԲ-ի գոյաբանական ռիսկերի մասին՝ երբեմն նույն ելույթի ընթացքում լավատեսական կանխատեսումները համեմելով մռայլ սցենարներով։
«Դժվար է պատկերացնել մեկ այլ ոլորտ, որն այսօր այնքան կտրված լինի ամերիկացիների առօրյա կյանքից, որքան արհեստական բանականության ինդուստրիան», — Axios-ի հետ զրույցում նշել է հանրապետական սենատոր Ջոն Քերթիսը։ Դեմոկրատ կոնգրեսական Ռո Խաննան էլ իր հերթին քննադատել է ընկերությունների ղեկավարների այն հայտարարությունները, թե նոր տեխնոլոգիայի առավելություններից օգտվելու համար հասարակությունը ստիպված կլինի համակերպվել որոշ բացասական հետևանքների հետ։ «Չի կարելի միլիարդատերերին վստահել մեր անվտանգության ապահովման հարցը», — ընդգծել է նա։
Դժգոհությունն էլ ավելի է խորանում տեխնոլոգիական առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձեցման ֆոնին։ Դեմոկրատները մտադիր են ոլորտի դեմ քաղաքական պայքարում օգտագործել քաղաքացիների մտահոգությունները՝ կապված աշխատատեղերի կրճատման վտանգի, երեխաների վրա ԱԲ-ի ազդեցության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման հետ։
Վաշինգտոնում առանձնահատուկ դժգոհություն է առաջացնում Anthropic ընկերությունը։ Ըստ Axios-ի՝ Թրամփի վարչակազմը դժգոհ է, որ ընկերությունն իր մոդելների անվտանգության հետ կապված և պետական կայքերին առնչվող միջադեպերի մասին ԱՄՆ իշխանություններին հայտնել է միայն ներքին քննությունն ավարտելուց հետո, ապա ուրբաթ երեկոյան հրապարակային հայտարարություն տարածել։ Վարչակազմի ներկայացուցիչներից մեկը պարբերականին ասել է. «Նրանք թաքցրել են կարևոր տեղեկությունը»։
Լրացուցիչ հարցեր է առաջացրել նաև ԱԲ անվտանգության վերաբերյալ ընկերության առաջարկած օրինագիծը։ Այն նախատեսում էր կարգավորման լիազորությունները փոխանցել դաշնային իշխանություններին, ինչը հակասում էր Anthropic-ի նախկին դիրքորոշմանը, իսկ ԱԲ-ի հետ կապված աղետալի միջադեպը սահմանվում էր որպես առնվազն 50 մարդու մահվան հանգեցրած դեպք։ Հնչած քննադատությունից հետո ընկերության ներկայացուցիչները սկսել են հրաժարվել նախաձեռնության առանձին դրույթներից։
Դժգոհություններ կան նաև OpenAI-ից. ԱԲ կարգավորման վերաբերյալ ընկերության առաջարկները հարցեր են առաջացրել նահանգային օրենսդիրների մոտ, որոնք մտավախություն ունեն, թե փորձ է արվում սահմանափակել իրենց լիազորությունները։ Բացի այդ, երկու ընկերություններն էլ հայտնվել են ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի ընթացիկ հետաքննության թիրախում։
Axios-ի մեջբերած վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծ մասն արհեստական բանականությունը վնասակար է համարում հասարակության համար։ Այս ֆոնին տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների քաղաքական վրիպումները կարող են էլ ավելի խորացնել ոլորտի նկատմամբ հանրային անվստահությունը։




























