Պենտագոնը հրապարակել է նոր փաստաթղթեր չճանաչված օդային երևույթների մասին, այդ թվում՝ երկու փորձառու զինվորական դիտորդների վկայություններ, որոնք հայտնել են անաղմուկ սև եռանկյունաձև օբյեկտի հետ հանդիպման մասին, հաղորդել է Interesting Engineering-ը։

Նրանց գնահատմամբ՝ սարքը կարող էր զարգացնել մոտ 1,8 հազար մղոն/ժամ արագություն (մոտավորապես 2,9 հազար կմ/ժ) և կատարել կտրուկ մանևրներ։ Օբյեկտը նկատվել է ԱՄՆ արևմուտքում գտնվող գաղտնի ռազմական օբյեկտի մոտ, որի անվանումն ու գտնվելու վայրը հրապարակված փաստաթղթում չեն բացահայտվում։

ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն՝ դիտորդները նկարագրել են սարք, որը հիշեցնում էր եռանկյուն թևով ինքնաթիռ։ Նրանց գնահատմամբ՝ դրա թևի բացվածքը կազմել է 2,7-ից 4,6 մետր, խորությունը՝ մոտ 1,8 մետր, իսկ հաստությունը՝ մոտ 60 սանտիմետր։

Վկաների խոսքով՝ օբյեկտը բարձրացել է մոտ 60 մետր, շրջվել կողքի, ապա կտրուկ իջել ներքև և անհետացել։ Միևնույն ժամանակ, նրանք ոչ մի աղմուկ չեն լսել և արտանետման հետք չեն նկատել։ Ջերմային սարքավորումները նույնպես չեն արձանագրել ջերմային հետք, իսկ սովորական ավիացիոն լույսերը բացակայել են։

Պենտագոնը հրապարակման մեջ ներառել է պատկեր, որը վերակազմում է օբյեկտի ենթադրյալ տեսքը, սակայն չի հաստատել դրա ծագումը ևդիտարկված մանևրների բացատրություն չի առաջարկել։ Նոր հավաքածուում կան ևս երեք առանձին հաղորդագրություններ կարևոր ռազմական օբյեկտների վերևում նկատված սև եռանկյունաձև օբյեկտների մասին։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 23-ին գերատեսչությունը հրապարակել է 28 նոր փաստաթուղթ։ Այժմ Պենտագոնի արխիվը ներառում է 478 ֆայլ, որոնք հրապարակվել են յոթ առանձին թողարկումներով։ Հավաքածուում ներառվել են նաև պատմական վկայություններ՝ 1953 թվականին Շվեդիայում նկատված մետաղական էլիպսաձև օբյեկտի մասին հաղորդագրություն, 1957 թվականին Սաուդյան Արաբիայում անսովոր դիտարկման մասին պատմություն, ինչպես նաև նյութեր Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Կատալինա կղզու շրջակայքում ենթադրյալ ՉԹՕ-ների և Յուտա նահանգի Սքինուոքեր ռանչոյում պարանորմալ երևույթների մասին։

Փաստաթղթերի հրապարակումը կատարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության շրջանակում՝ չճանաչված օդային երևույթների և հնարավոր արտաերկրային կյանքի մասին պետական նյութերը բացահայտելու նպատակով։ Պենտագոնը պատրաստում է նոր նյութեր հրապարակման համար, սակայն հաջորդ հրապարակման ժամկետները դեռ չեն հայտարարվել։

Գերատեսչությունը չի ներկայացրել նկարագրված օբյեկտի արտաերկրային ծագման ապացույցներ։ Դրա բնույթն ու թռիչքի առանձնահատկությունները մնում են չպարզված։