Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է փոխել երկրի պաշտոնական դիրքորոշումը Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության հարցում և աջակցել արշիպելագի նկատմամբ ինքնիշխանության մասին Արգենտինայի պահանջին, հայտնել է The Telegraph-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ իսրայելցի դիվանագետներին նաև հանձնարարվել է հանդես գալ այս հարցի շուրջ ուղիղ բանակցությունների օգտին։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, դա կդառնա Իսրայելի դիրքորոշման նկատելի փոփոխություն և կարող է էլ ավելի բարդացնել նրա հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում գտնվող Ֆոլքլենդյան կղզիները բրիտանական անդրծովյան տարածք են, սակայն Արգենտինան դրանք համարում է իր տարածքը և անվանում է Մալվինյան կղզիներ։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նույնպես աջակցում է արշիպելագի նկատմամբ Բուենոս Այրեսի հավակնություններին։

Որպես իսրայելական մոտեցման փոփոխության վկայություն The Telegraph-ը հիշատակում է անցյալ ամիս ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնի ելույթը։ Այն ժամանակ դիվանագետը հայտարարել էր, որ Իսրայելը ճանաչում է այս հարցի կարևորությունն արգենտինական հասարակության համար և ընդգծել էր պատմական, իրավական և հումանիտար ասպեկտները հաշվի առնելու անհրաժեշտությունը՝ առաջընթացի հասնելու համար։ Բրիտանական պարբերականի տվյալներով՝ հայտարարության ձևակերպումները համաձայնեցվել էին Իսրայելի կառավարության հետ ամենաբարձր մակարդակով։ Աղբյուրներից մեկը սա անվանել է առաջին դեպքը, երբ Իսրայելն անմիջականորեն միջամտել է կղզիների պատկանելության շուրջ վեճին։

Դիրքորոշման հնարավոր վերանայման մասին հաղորդումները հայտնվել են Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Մեկ ամիս առաջ Լոնդոնը հայտարարել էր լայնածավալ պատժամիջոցների մասին, որոնք կապված են Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի գործունեության հետ։ Մեկ տարի առաջ էլ Մեծ Բրիտանիան ճանաչել էր պաղեստինյան պետությունը։

Իսրայելի և Արգենտինայի հարաբերություններում լրացուցիչ լարվածություն են առաջացրել իսրայելական Navitas Petroleum ընկերության ծրագրերը՝ 2028 թվականին Ֆոլքլենդյան կղզիների շրջանում ծովային հանքավայրերում նավթի հետախուզման և արդյունահանում սկսելու վերաբերյալ։ Բուենոս Այրեսում այս ծրագրերը դժգոհություն են առաջացրել։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ կառավարությունը չի մասնակցում Navitas-ի գործունեությանը և չի վերահսկում այն, քանի որ ընկերությունը հանրային է։ Միաժամանակ, Երուսաղեմում Արգենտինան Միլեյի օրոք անվանել են Իսրայելի ամենամոտ բարեկամներից մեկը և ընդգծել, որ երկու երկրների ղեկավարության միջև շփումները մնում են սերտ։