Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հաջորդ տարի կառավարությունը պետք է բոլոր սպառողների համար նվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը, հայտնում է dpa գործակալությունը։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է նվազեցնել էլեկտրաէներգիայի հարկը։
Այս նախաձեռնությունը կարող է խորացնել իշխող կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունները, քանի որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) կասկածում է, որ բյուջեի միջոցները կբավականացնեն նման որոշումը ֆինանսավորելու համար։
«Եթե դա առհասարակ հնարավոր է, իսկ ես կարծում եմ, որ հնարավոր է, ապա էլեկտրաէներգիայի հարկը պետք է նվազեցվի, որպեսզի մարդկանց դրամապանակներում կրկին ավելի շատ գումար մնա», — Մյունխենում հայտարարել է Մերցը։
«Քրիստոնեադեմոկրատական միությունը» (ՔԴՄ) գլխավորող կանցլերը ելույթ է ունեցել իրենց բավարական գործընկեր կուսակցության՝ «Քրիստոնեասոցիալական միության» (ՔՍՄ) համագումարում։ Ավելի վաղ ԳՍԴԿ-ն ներկայացնող ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը հայտարարել էր, որ հարկային մուտքերի ակնկալվող աճը բավարար չի լինի հարկի նվազեցումը ֆինանսավորելու համար։
«Ով այժմ հանդես է գալիս առաջարկներով, օրինակ՝ էլեկտրաէներգիայի հարկը նվազեցնելու վերաբերյալ, պետք է նաև նշի, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու այդ քայլը», — ընդգծել է Քլինգբայլը։
Կոալիցիոն համաձայնագրով կուսակցությունները պայմանավորվել էին նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները Գերմանիայում, սակայն ֆինանսական սահմանափակումների պատճառով այդ որոշումն առայժմ բոլոր սպառողներին չի վերաբերում։ Հարկային արտոնություններ արդեն ստացել են արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղատնտեսության և անտառային տնտեսության ոլորտները։ ՔՍՄ ղեկավար Մարկուս Զյոդերը բազմիցս քննադատել է կառավարությանը՝ նշելով, որ մյուս սպառողները դեռևս նման արտոնություններից չեն օգտվել։




























