Երևանի Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց է ունեցել մի բնակչի հետ, որը բողոքել է Վանաձորում անշարժ գույքի սեփականության իրավունքի շուրջ դատական քաշքշուկից։ Տղամարդը նշել է, որ ունի կադաստրային փաստաթղթեր, սակայն դատարաններն իր փաստարկները հաշվի չեն առել, իսկ գործն արդեն հասել է Վճռաբեկ դատարան։
Քաղաքացու խոսքով՝ ինքը բազմիցս փորձել է արդարության հասնել, այդ թվում՝ անձամբ դիմել է վարչապետին և փաստաթղթերը փոխանցել նրա օգնականներին, սակայն որևէ արդյունք չի եղել։ Նա պնդում է, որ գույքի ձևակերպման ժամանակ ոտնահարվել են իր իրավունքները, և Փաշինյանին խնդրել է օգնել արդար որոշման հասնելու հարցում։
«Ես պարզապես ուզում եմ, որ արդար որոշում կայացվի, ուրիշ ոչինչ», — ասել է նա։
Փաշինյանը պատասխանել է, որ չի կարող միջամտել կոնկրետ գործի քննությանը, քանի որ դատական իշխանությունն անկախ է գործադիրից։ Ի պատասխան՝ տղամարդը վրդովված հակադարձել է. «Դատական համակարգը ո՞նց ա անկախ, եթե ոտնահարում է քաղաքացիների դատավարական բոլոր իրավունքները, այդ թվում՝ լսված լինելու իրավունքը»։
Վարչապետը խոստովանել է, որ այս պահին չունի քաղաքացու հարցի պատասխանը, և առաջարկել է ուսումնասիրել գործի հանգամանքները։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ չի կարող վերահսկել դատավորներին կամ միջամտել դատական ակտերի կայացմանը։
«Անկեղծ ասած՝ ձեր հարցի պատասխանը չունեմ, եկեք մտածենք», — ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աջափնյակ վարչական շրջան։ Նրան ուղեկցում են վարչական շրջանի ղեկավարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ։
Իշխանության ներկայացուցիչները քաղաքի կենտրոնից Աջափնյակ են հասել ավտոբուսով։











