Բահամյան կղզիներում 36-ամյա բրիտանուհին մահացել է՝ փորձելով փրկել իր երկու որդիներին, որոնց ուժեղ հոսանքը լողի ժամանակ տարել էր բաց ծով, հայտնում է BBC News-ը։
Տեղի թագավորական ոստիկանության փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Բիմինի կղզու հարավային հատվածում։
Նախնական տվյալներով՝ կինն ամուսնու և երկու որդիների հետ ջրային դիմակով լողալիս է եղել, երբ հոսանքը հանկարծակի քշել-տարել է երեխաներին։ Մայրը նետվել է նրանց հետևից, սակայն ինքն էլ է հայտնվել հոսանքի մեջ։ Երեխաներին ի վերջո հաջողվել է փրկել։
Կնոջը դուրս են բերել ջրից ու հասցրել լաստանավերի կառամատույց, որտեղ փորձել են առաջին օգնություն ցուցաբերել և վերակենդանացնել նրան։ Այնուհետև տուժածին տեղափոխել են տեղի բուժկենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ մահացած կինը Նոթինգհեմշիր կոմսության Սթեյփլֆորդ քաղաքից էր։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Իրավապահների խոսքով՝ այս պահին հանցավոր միջամտության կասկածներ չկան, իսկ մահվան հստակ պատճառը կպարզվի դիահերձման արդյունքում։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել կնոջ ընտանիքին՝ նշելով, որ գերատեսչությունը կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և աջակցում է մահացածի հարազատներին։




























