Ֆրանսիայի խոշոր քաղաքներում անվտանգության արտակարգ միջոցառումների ֆոնին Լիոնի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, հաղորդում է AFP-ն։

Կյանքի թանկացման դեմ նոր համազգային բողոքի ակցիաների օրը իշխանությունները ձգտում են կանխել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած անկարգությունների ու թալանի կրկնությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ շուրջ 150 հոգի հավաքվել է Լիոնի կենտրոնին մոտ այն հատվածում, որտեղ հավաքներ անցկացնելն արգելված էր։ Երբ ցուցարարներից ոմանք փորձել են փակել ճանապարհը, ոստիկանությունն անմիջապես արցունքաբեր գազ է բաց թողել՝ ամբոխը ցրելու համար։

Նախքան ակցիաները քաղաքում արդեն շրջում էին ոստիկանական պարեկախմբեր, զրահամեքենաներ ու հատուկջոկատայինների ֆուրգոններ։ Երկնքում անընդհատ պտտվում էր ոստիկանական ուղղաթիռը, իսկ առևտրի շատ կետեր փակել էին դռները կամ անվտանգության աշխատակիցներ կանգնեցրել մուտքերի մոտ։ Միևնույն ժամանակ, սոցցանցերում մարդկանց կոչ էին անում անտեսել կենտրոնում հավաքվելու արգելքը։

Անվտանգության խստացված ռեժիմ է սահմանվել նաև Մարսելում, որտեղ փողոցներ են դուրս բերվել բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, զրահատեխնիկա և ջրցաններ։ Իսկ Փարիզում իրավապահների խոշոր ուժեր են կուտակվել Բաստիլի հրապարակում։ Ոստիկանները բարձրախոսներով պարբերաբար հիշեցրել են, որ տարածքում ցույցերն անօրինական են, և պահանջել շարժվել դեպի Պորտ դ'Իտալիով անցնող այլընտրանքային երթուղի։

Ոստիկանությունը պատրաստ է դիմակայել նոր բախումներին, հատկապես այն թաղամասերում, որոնք ամենաշատն էին տուժել անցած շաբաթավերջի անկարգություններից և թալանից։