Չնայած ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու հարաբերությունների կտրուկ վատթարացմանը՝ ամերիկյան հետախուզությունը շարունակում է ակտիվորեն աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս մասին գրում է ամերիկյան The Atlantic պարբերականը՝ ընդգծելով Թրամփի հրապարակային հռետորաբանության և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործողությունների միջև առկա հակասությունը։
Անցած շաբաթ Թրամփն ուկրաինացիներին կոչ էր արել նոր նախագահ ընտրել և հայտարարել, թե Զելենսկու հետ «ավելի դժվար է գործ ունենալ», քան Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահն Ուկրաինայի ղեկավարին մեղադրել էր պատերազմը ձգձգելու մեջ և կասկածի տակ դրել խաղաղ կարգավորման հասնելու նրա ցանկությունը։ Ընդ որում, Թրամփը չէր հիշատակել, որ հենց Ռուսաստանն է լայնամասշտաբ ներխուժում սկսել Ուկրաինայի դեմ։
Մինչդեռ ամերիկյան հետախուզությունը շարունակում է Կիևին տրամադրել ռազմական գործողությունների համար անհրաժեշտ տեղեկություններ։ Դրանց օգնությամբ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին, իսկ ամերիկյան արբանյակները նախազգուշացնում են մոտեցող հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի մասին։
Ամերիկյան հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, որը հաճախ է լինում Ուկրաինայում, տեղում առանցքային դերակատարում ունի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)։ Բալթյան երկրների հետախուզական շրջանակների աղբյուրը, որն ամերիկացիների հետ համագործակցում է ռուսական ազդեցությանը հակազդելու ուղղությամբ, պնդում է, որ ԿՀՎ-ի գործողությունները դարձել են «շատ ավելի հարձակողական», քան Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։
Ամերիկյան քաղաքականության այս երկակիությունը հատկապես ակնառու է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի պարագայում. մի կողմից նա պետք է խորհրդատվություն տրամադրի ուկրաինական ղեկավարության հետ պարբերաբար հակասությունների մեջ մտնող նախագահին, մյուս կողմից՝ ղեկավարում է մի կառույց, որն առանցքային դեր ունի Ուկրաինային աջակցելու գործում։ Հոդվածագրի գնահատմամբ՝ ԿՀՎ-ի օգնությամբ Ռուսաստանին հասցվող ուկրաինական հարվածների արդյունավետությունը կարող է անգամ առաջացնել Թրամփի դժգոհությունը։




























