Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել երկիրը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից, որպեսզի կառավարությունը կարողանա իր աշխատանքը պլանավորել ավելի կանխատեսելի պայմաններում։ Այս մասին նա հայտնել է շաբաթ օրը, 2026 թվականին Իրանում մարդահամարի և բնակարանային ֆոնդի հաշվառմանը նվիրված արարողության ժամանակ, հաղորդել է Mehr-ը։

«Անհրաժեշտ է արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ երկիրը «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս բերելու համար», — ընդգծել է Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով Պլանավորման և բյուջեի կազմակերպությունում։

Իրանի նախագահը նաև նշել է ժամանակակից տեխնոլոգիաների և պետական ծառայությունների թվայնացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ խելացի համակարգերի ներդրումը թույլ կտա բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ժամանակին կանխել խախտումներն ու վեճերը։

Փեզեշքիանը պետական ռեգիստրների հիման վրա անցկացվող մարդահամարն անվանել է կառավարման, վերահսկողության և իշխանությունների աշխատանքի արդյունավետության գնահատման կարևոր գործիք։

Նա կոչ է արել ապահովել հավաքագրվող տվյալների ճշգրտությունը, որպեսզի պայմաններ ստեղծվեն ամբողջ երկրում ռեսուրսների ավելի արդար բաշխման համար, բարձրացվի պետական ծրագրերի արդյունավետությունը և կրճատվեն դրանց իրականացման ծախսերը։