ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր նոր հարվածների մտավախության ֆոնին Իրանի բարձրագույն ղեկավարությունը հրահանգել է զինված ուժերը պատրաստել «խճանկարային պաշտպանության» հայեցակարգի լայնամասշտաբ կիրառմանը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան անանուն ներկայացուցչին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը նոր հարձակման վտանգն իրական է համարում և թերահավատորեն է վերաբերվում Վաշինգտոնի դիվանագիտական ազդակներին։ Նշվում է, որ իրանական ստորաբաժանումներն արդեն համապատասխան ցուցումներ են ստացել նոր լայնածավալ պատերազմի դեպքում գործելու համար։ Ռազմական գործողություններ սկսվելու պարագայում ամերիկյան քաղաքական օբյեկտներն ու հակամարտության մեջ ներգրավված երկրների ենթակառուցվածքները կարող են օրինական թիրախ հայտարարվել։

«Խճանկարային պաշտպանությունը» ենթադրում է կառավարման ապակենտրոնացված համակարգ, որի պայմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածաշրջանային ստորաբաժանումները կարող են գործել ինքնուրույն՝ նույնիսկ եթե կենտրոնական հրամանատարությունը ոչնչացվի կամ նրա հետ կապն ընդհատվի։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ԻՀՊԿ կառուցվածքում գործում է 31 տարածաշրջանային հրամանատարություն, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական ռեսուրսներն ու օպերատիվ որոշումներ կայացնելու լիազորությունները։