ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղափոխել այլ սենյակ՝ լրագրողներին անվանելով «ֆեյք լուրեր» և խոստանալով նրանց համար գտնել «ավելի քիչ նյարդայնացնող վայր»։

Շաբաթ օրը Թրամփը հերքել է այն հրապարակումը, թե մտադիր է վերացնել մամուլի ասուլիսների դահլիճը և դրա տեղում վերականգնել պատմական լողավազանը։ «Ես նույնիսկ չեմ մտածել նման հիմարություն անելու մասին», — գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, քննարկում է լրագրողներին տեղափոխելու հնարավորությունը։

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ օգոստոսին Թրամփը Սպիտակ տան այն ժամանակվա մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթից խնդրել է ճեպազրույցները տեղափոխել Ջեյմս Բրեյդիի անվան դահլիճից։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահն օգնականներին ասել էր, որ կնախընտրեր վերականգնել բուժական լողի համար նախատեսված փակ լողավազանը, որը Սպիտակ տանը հայտնվել էր Ֆրանկլին Ռուզվելտի վարչակազմի օրոք։ Ավելի ուշ՝ Ռիչարդ Նիքսոնի նախագահության ժամանակ, լողավազանը փոխարինվել էր մամուլի ասուլիսների դահլիճով։

Թրամփը բազմիցս մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին իր վարչակազմի գործունեության կողմնակալ լուսաբանման մեջ։ Անցյալ ամիս նա կարճ ժամանակով արգելել էր CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին գտնվել Սպիտակ տան տարածքում՝ նմանատիպ սահմանափակումներով սպառնալով նաև այլ պարբերականներին։

Խոսքի ազատության կողմնակիցները հայտարարել են, որ այս քայլը խախտում է մամուլի ազատության երաշխիքները, որոնք ամրագրված են ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ։ Լրագրողների մուտքը վերականգնվել է այն բանից հետո, երբ դաշնային դատավորն արգելքը, հավանաբար, հակասահմանադրական է ճանաչել։ Թրամփի վարչակազմը շարունակում է բողոքարկել այդ որոշումը։