Իրանը մտադիր չէ իր տարածքը պաշտպանելու համար այլ պետություններից թույլտվություն խնդրել և պատրաստ է հակահարված տալ ցանկացած ագրեսիայի։ Այս մասին, իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունները վերսկսելու ԱՄՆ սպառնալիքների ֆոնին, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցել է Mehr-ը։
«Իրանը չի սպասի որևէ տերության թույլտվությանը, որպեսզի պաշտպանի իրեն», — ընդգծել է Մոհաջերանին «Իրանն սպառնալիքներով չի ոչնչացվի» անունը կրող հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ամերիկյան և իսրայելական իշխանությունները պետք է հասկանան, որ Իրանի ապագան կախված չէ նրանց ցանկություններից և որոշումներից։ Սպառնալիքները չեն ստիպի երկրին հրաժարվել անկախությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։
Մոհաջերանին նշել է, որ իրանական իշխանությունները գիտակցում են պատերազմի հետևանքները և ձգտում են կանխել նոր հակամարտությունը։ Սակայն, նրա ընդգծմամբ, խաղաղության ձգտումը չպետք է ընկալվի որպես անվճռականություն պաշտպանության հարցերում։
«Մեր քաղաքացիների կյանքի, երկրի տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանությունը պարտականություն է, որի կատարումից մենք երբեք չենք նահանջի», — հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկիրը, իսկ հնարավոր հակառակորդները պետք է հաշվի առնեն, որ ագրեսիան անպատիժ չի մնա։ Իրանի հնարավորությունների վերաբերյալ ցանկացած գնահատական, որն անտեսում է նրա պաշտպանական ներուժն ու ժողովրդի կամքը, Մոհաջերանին սխալ է անվանել։



























