Ժորդան Բարդելան վերընտրվել է ֆրանսիական ուլտրաաջ «Ազգային միավորում» (RN) կուսակցության նախագահ, որը երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժն է, հայտնել է France 24-ը։

Օռլեանում կայացած կուսակցության համագումարում նա ստացել է ձայների 98,98 տոկոսը՝ լինելով այդ պաշտոնի միակ թեկնածուն։

«Որպեսզի Մարինին Ելիսեյան պալատ հասցնենք, ինձ դուք եք պետք», — կուսակցության մի քանի հազար կողմնակիցներին դիմել է Բարդելան՝ նկատի ունենալով Մարին Լը Պենին, որը հավակնում է մասնակցել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին։

Բարդելան «Ազգային միավորում»-ը ղեկավարում է 2022 թվականից։ Նա նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է։ Կուսակցությունը հիմնադրվել է 1972 թվականին և համարվում է ֆրանսիական ուլտրաաջերի առաջատար ուժերից մեկը։

Օռլեանում համագումարն անցկացվում էր ոլտրաաջերի դեմ ցույցի ֆոնին, որը կազմակերպել էին ֆրանսիական ձախ ուժերի ներկայացուցիչները։ Կիրակի Բարդելան պետք է հանդես գա կողմնակիցների առաջ Zénith d’Orléans հարթակում, որից հետո սպասվում է Լը Պենի ելույթը։