ԱՄՆ Ջորջիա նահանգի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել դաշնային շենքը հրկիզելու փորձի համար այն բանից հետո, երբ նա, ենթադրաբար, այրվող խառնուրդով շիշ է նետել Ատլանտայի կենտրոնում գտնվող ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) շենքի ուղղությամբ, հաղորդել է Associated Press-ը։
Ջորջիայի հյուսիսային շրջանի դատախազության տվյալներով՝ տեսահսկման խցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ինիք Հինթոնը երեքշաբթի երեկոյան հրկիզել ինչ-որ առարկա և նետել այն բազմահարկ աղյուսե շենքի կողմը։ Շիշը դիպել է ցանկապատին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են այրված կտոր, դյուրավառ հեղուկ, ապակե շիշ և կրակայրիչ։
Հինթոնին ձերբակալել են Ատլանտայի արվարձաններից մեկում գտնվող տանը։ Դաշնային դատախազ Թեոդոր Հերցբերգի խոսքով՝ ձերբակալությունն անցել է խաղաղ։ Նա իրավապահների՝ կասկածյալի ինքնությունը պարզելու աշխատանքը օրինակելի է անվանել և զգուշացրել է, որ դատախազությունը մտադիր է նման գործողությունների համար խիստ պատիժ պահանջել։
«Մենք այս արարքի համար կպահանջենք առավելագույն խիստ պատիժ, քանի որ անհրաժեշտ է հստակ հասկացնել, որ նման վարքագիծն անթույլատրելի է», — հայտնել է Հերցբերգը։
Հինթոնին մեղադրանք է առաջադրվել դաշնային շենքը հրկիզելու փորձի և պետական գույքը վնասելու համար։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում առաջին մեղադրանքով և մինչև 10 տարի՝ երկրորդով։ Դատախազի խոսքով՝ իրեն հայտնի չեն կասկածյալի նախկին դատվածությունների մասին տվյալներ։
Շենքում գտնվում են ICE-ի գրասենյակները և ներգաղթի դատարանը։ Հրապարակման պահին Հինթոնի փաստաբանի վերաբերյալ տեղեկություն չկար։




























