Արգենտինայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 2 հազար բնակիչներ ստիպված եէ եղել լքել իրեց տները։ Հորդառատ անձրևների պատճառով Պարանա, Ուրուգվայ և Իգուասու գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ վտանգելով Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի սահմանամերձ շրջանների բնակավայրերը, հայտնել է արգենտինական Página/12 թերթը։
Չակո նահանգում, մասնավորապես Պուերտո-Վիլելաս և Բառանկերաս քաղաքներում, ջրհեղեղի պատճառով տարհանվել է 1,2-1,3 հազար մարդ։ Հարևան Կորիենտես նահանգում ևս ավելի քան հազար բնակիչներ լքել են իրենց տները։
Պասո-դե-լա-Պատրիա քաղաքում՝ Պարանա գետի ափին, ջուրը հեղեղել է մի քանի թաղամաս այն բանից հետո, երբ պաշտպանական ամբարտակը չի դիմացել գետի հոսքի ճնշմանը։ Կորիենտեսում նաև զոհվել են երկու գյուղատնտեսական աշխատողներ․ նրանք խեղդվել են՝ անասուններին կղզիների միջև տեղափոխելիս, որպեսզի կենդանիներին փրկեն ջրհեղեղից։
Իշխանությունները նախազգուշացնում են, որ հաջորդ շաբաթ ջրի մակարդակը կարող է էլ ավելի բարձրանալ Պարանայի և Ուրուգվայի վերին հոսանքներում սպասվող տեղումների պատճառով։ Միսիոնես նահանգում փոթորիկները վնասել են ավելի քան 100 տուն, վարարած առուները հանգեցրել են ճանապարհների և կամուրջների փակման։
Տուժել է նաև Իգուասու ջրվեժների շրջանը Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին։ Հոկտեմբերի կեսերին Իգուասու գետում ջրի ծախսը հասել է սեզոնային մակարդակի տասնապատիկին։ Մի քանի զբոսաշրջային երթուղիներ արդեն բացվել են, սակայն «Սատանայի կոկորդ»՝ ջրվեժների ամենահայտնի հատված մուտքը դեռևս փակ է։
Իրավիճակը զարգանում է Էլ Նինյոյի ազդեցության ֆոնին՝ կլիմայական երևույթ, որը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի մակերևութային ջրերի ջերմաստիճանի անոմալ բարձրացման հետ։



























