Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեին հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական համակարգի բարեփոխումները, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև ԱՄՆ և Իսրայելի գործողություններով պատճառված վնասի փոխհատուցումը, հաղորդել է Mehr-ը։

Մոհսենի-Էջեին ներկայացրել է դատական իշխանության ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի աշխատանքային ծրագիրը։ Այն նախատեսում է դատական բարեփոխումների վերաբերյալ փաստաթղթի թարմացում և դատական գործընթացների թվայնացման արագացում։ Իշխանությունների մտահղացմամբ՝ դա պետք է կրճատի գործերի քննության ժամկետներն ու ծախսերը, բարձրացնի դատական որոշումների հիմնավորվածությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև ամրապնդի դատական համակարգի աշխատակիցների բարեվարքությունը։

Այլ առաջնահերթությունների շարքում նշվել են քաղաքացիների իրավունքների ապահովումը, կառավարման իսլամական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը և կոռուպցիայի արմատական պատճառների վերացումը։ Առանձին ուշադրություն է նախատեսվում դարձնել դատական որոշումների ժամանակին կատարմանը, օրենքների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողությանը և պետական հաստատությունների աշխատանքի վերահսկման համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը։

Իշխանությունները նաև մտադիր են պայքարել այն հանցագործությունների դեմ, որոնք առաջանում են պաշտոնատար անձանց անգործության հետևանքով, և վերացնել օրենքի խախտումներին նպաստող պայմանները։ Դրա համար դատական համակարգը նախատեսում է համագործակցել պետական այլ մարմինների հետ։

Բացի այդ, հանդիպման ընթացքում ընդգծվել է խախտված իրավունքների վերականգնմանն ու ԱՄՆ և Իսրայելի հարվածների հետևանքով պատճառված նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցմանը հասնելու անհրաժեշտությունը։