Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սերհաթ Էրենը ներքին գործերի նախարար Մուսթաֆա Չիֆթչիին կոչ է արել պարզաբանել հույն ուղղափառ վանականի անհետացման քննության ընթացքը, որին վերջին անգամ տեսել են Ստամբուլում հուլիսին, հաղորդել է Kathimerini պարբերականը՝ հղում կատարելով քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (DEM) ներկայացուցչի խորհրդարանական հարցմանը։
Վանականը, որը հայտնի էր Հովսեփ եկեղեցական անունով, ծնվելիս կրել է Նիկոլաոս Ցիգոզիս անունը։ Հյուպատոսական աշխատակիցների տվյալներով՝ հուլիսի 25-ին նա այցելել է Ստամբուլում Հունաստանի գլխավոր հյուպատոսություն։ Դա տեղի է ունեցել նրա՝ Թուրքիա մուտք գործելուց երկու օր անց։
Հյուպատոսությունում Հովսեփը հետաքրքրվել է Տրապիզոնով, պատմական Սումելա վանքով, հունական այլ հինավուրց վանքերով, ինչպես նաև Կապադովկիա հասնելու հնարավորությամբ։ Դրանից հետո նա ուղևորվել է դեպի միջքաղաքային ավտոբուսային կայարան։ Այդ ժամանակից ի վեր նրա գտնվելու վայրն անհայտ է։
Խորհրդարանական հարցման մեջ Էրենը խնդրել է ՆԳ նախարարության ղեկավարին հայտնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկել թուրքական իշխանությունները վանականի գտնվելու վայրը պարզելու համար։ Նա նաև հետաքրքրվել է, թե արդյոք իրավապահ մարմինները որոնումների շրջանակում համագործակցում են հունական հյուպատոսական ներկայացուցիչների և անհետացածի հարազատների հետ։



























