Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ պատրաստ է բաց քննարկման՝ Միացյալ Թագավորության և Եվրամիության միջև ազատ տեղաշարժի վերականգնման հնարավորության շուրջ։

The Sunday Times-ին տված հարցազրույցում նա հնարավոր է համարել Բրյուսելի հետ հարաբերությունների վերանայումը, ինչը կարող է ներառել նույնիսկ ԵՄ վերադարձը կամ միասնական շուկային անդամակցելը, որը ենթադրում է քաղաքացիների ազատ տեղաշարժ։

«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են միանգամայն առարկայական բանավեճեր՝ հիմնված փաստերի և ապացույցների վրա», — ասել է Բերնհեմը։

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը ընդունել է, որ ազատ տեղաշարժը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ անդամության տարիներին լուրջ խնդիրներ էր ստեղծում։ Ըստ նրա, այդ ժամանակ միգրացիան հաճախ ժամանակավոր բնույթ էր կրում. եվրոպական երկրների շատ քաղաքացիներ մի քանի տարով գալիս էին Մեծ Բրիտանիա, ապա վերադառնում տուն։ Այդպիսի մոդելն, ըստ նրա, հարմար էր նաև հենց բրիտանացիների համար, որոնք աշխատում էին Եվրոպայի այլ երկրներում։

«Միգրացիայի հավասարակշռությունն այդ ժամանակվանից փոխվել է, այնպես չէ՞։ Կարծում եմ՝ պարզապես պետք է ազնվորեն քննարկենք այս հարցերը», — հայտարարել է Բերնհեմը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չէր առաջարկի վերադառնալ եվրոյին կամ միանալ Շենգենյան գոտուն, որը նախատեսում է անձնագրային վերահսկողության բացակայություն մասնակից երկրների ներքին սահմաններում։

Բրիտանական վարչապետի այս հայտարարությունները քննադատության են արժանացել ընդդիմության կողմից, գրում է BBC News-ը։

Ներքին գործերի ստվերային նախարար Քրիս Ֆիլփը հայտարարել է, որ բրիտանացիները 2016 թվականի հանրաքվեի ժամանակ քվեարկել են ազատ տեղաշարժի դադարեցման օգտին, և դրա վերադարձն անթույլատրելի է։ Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը Բերնհեմի խոսքերն անվանել է Brexit-ի կողմնակիցների դավաճանություն։

Ավելի վաղ Բերնհեմը խոստացել էր հավատարիմ մնալ Լեյբորիստական կուսակցության 2024 թվականի նախընտրական ծրագրին, որը բացառել էր ազատ տեղաշարժի վերադարձը, միասնական շուկային և մաքսային միությանը միանալը։ Նա նաև հայտարարել էր, որ ցանկացած հիմնարար փոփոխություն կպահանջի մանդատ համընդհանուր ընտրություններում, որոնք պետք է կայանան ոչ ուշ, քան 2029 թվականին։

Հայտարարությունները հնչել են նոյեմբերի 20-ին Բրյուսելում ԵՄ ղեկավարության հետ Բերնհեմի հանդիպման նախօրեին։ Սպասվում է, որ գագաթնաժողովում վարչապետը կներկայացնի Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերագործարկման տարբերակները։