Գերմանական ավտոարտադրող Audi-ն ԱՄՆ-ում կկառուցի իր առաջին գործարանը՝ նախագծում ներդնելով մոտ 4 մլրդ դոլար և ստեղծելով մոտավորապես 4500 աշխատատեղ։ Այդ մասին ընկերությունը հայտարարել է շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ Ջորջիա նահանգում, գրում է dpa-ն։
Իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ խոշոր ամենագնացների արտադրության գործարանի շինարարությունը կսկսվի արդեն հաջորդ ամիս, իսկ դրա արտադրական հզորությունը կկազմի տարեկան 200 հազար ավտոմեքենա։ Այնուհետև նախագահի կողքին բեմ է բարձրացել Audi-ի գլխավոր տնօրեն Գերնոտ Դյոլները, որը շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար։
Սակայն Audi-ի պաշտոնական հայտարարության մեջ ուրիշ ժամկետներ են նշված․ շինարարության մեկնարկը նախատեսված է 2027 թվականին, իսկ արտադրության գործարկումը սպասվում է 2030-ականների սկզբին։
Նոր ձեռնարկությունում կարտադրվեն պրեմիում դասի ամենագնացներ՝ հարմարեցված Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար։
Գործարանի կառուցման մասին հայտարարությունը հնչել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մոտ տասն օր առաջ, որոնք կկայանան նոյեմբերի 3-ին։ Թրամփի գլխավորությամբ հանրապետականները հույս ունեն պահպանել փոքր մեծամասնությունը երկու պալատներում։
2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփն ուժեղացրել է ճնշումը օտարերկրյա ընկերությունների վրա՝ ձգտելով արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։ Նա սպառնացել է սահմանել բարձր ներմուծման մաքսատուրքեր՝ միաժամանակ արտադրողներին խոստանալով լրացուցիչ վճարներից խուսափելու հնարավորություն, եթե նրանք արտադրանքը թողարկեն անմիջապես ամերիկյան տարածքում։ ԱՄՆ նախագահը հույս ունի, որ այս քաղաքականությունը կամրապնդի երկրի տնտեսությունը և կստեղծի նոր աշխատատեղեր։




























